Քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանը «Նոյյան Տապան»-ի հետ հարցազրույցում գնահատում է ամերիկյան խաղաղության ծրագրի հեռանկարները
02-10-2025 14:33:25 | Լիբանան | Հարցազրույցներ
– Պարոն Գանտահարյան, արդյո՞ք 21 կետանոց ամերիկյան նախագիծը Գազայի հարցի իրական լուծում կարող է ապահովել։
– Նախագծի հրապարակումը դեռ չի նշանակում, որ միանգամայն խաղաղություն է հաստատվելու։ Միջին Արևելքը հրաբխային գոտի է, և ամերիկյան պաշտոնական հայտարարություններում նշվող համապարփակ հանդարտեցումն այս փուլում դժվար իրագործելի է։
– Ի՞նչ իրավիճակ է ստեղծվել այս պահին ՀԱՄԱՍ-ի համար։
– Գնդակը ՀԱՄԱՍ-ի կիսադաշտում է։ Այն կանգնած է ընտրության առջև՝ լուծարվել և այդ կերպ փրկել Գազան։ Բայց այդ փրկությունն ունի իր նախապայմանները։ Ըստ էության Գազան վերածվում է միջազգային հովանավորություն ունեցող տարածքի, որը Իսրայելի համար այլևս սպառնալիք չի ներկայացնի։
– Նախագիծը խոսում է նաև Պաղեստինի պետության ճանաչման մասին։ Ինչպե՞ս է այս հարցը ներկայացված։
– Այդ հարցն անորոշ է։ ԱՄՆ նախագահը հստակեցրել է, որ չի համաձայնել այդ առաջարկին։ Այսինքն՝ Պաղեստինի ճանաչումը դեռ խնդրո առարկա է։
– Կառավարման ձևաչափի մասով ի՞նչ նորություններ են առաջարկվում։
– Նախագիծը նախատեսում է անցումային կառավարություն, որտեղ ընդգրկվելու են ոչ քաղաքական, մասնագիտական փորձառություն ունեցող պաղեստինցիներ և միջազգային փորձագետներ։ Աշխատանքները վերահսկելու է հատուկ խորհուրդ, որի ղեկավարը լինելու է ԱՄՆ նախագահը։ Սա կարևոր հանգամանք է․ Թրամփը անձամբ է ներգրավվում և իր երաշխավորությունը ամրագրում Գազայի հակամարտության լուծման մեջ։
– Որո՞նք են այս ծրագրի հեռանկարային կողմերը։
– Նախագիծը Գազան ներկայացնում է որպես ներդրումային գրավիչ և զարգացող շրջան։ Չմոռանանք, որ ամիսներ առաջ Թրամփը հայտարարեց Գազան «Ռիվիերայի» վերածելու մասին։ Թեև դա մեծ տարակուսանքով ընդունվեց, սակայն հիմա տեսնում ենք տնտեսական զարգացման ուղղված հստակ պատկերացումներ։Անկախ դրա գործադրելիության հավանականությունից։
– Կարո՞ղ ենք ասել, որ սա նաև ԱՄՆ-ի տնտեսական շահերի հետ է կապված։
– Այո։ ԱՄՆ արտաքին և ներքին քաղաքականության առանցքում բյուջետային խնդիրներն են՝ նոր եկամուտների ապահովում, ծախսերի կրճատում և ներդրումային միջավայրի ձևավորում։ Այս նախագիծը այդ տրամաբանության մեջ է։
– Ինչպե՞ս են արձագանքում տարածաշրջանային դերակատարները։
– Ամենաէականն այն է, որ ՀԱՄԱՍ-ը դեռ միանգամայն չի մերժել նախագիծը։ Սա մեծ նշանակություն ունի։ Առնչակից պետությունները փորձում են ՀԱՄԱՍ-ի միջոցով բանակցել ԱՄՆ-ի հետ։ Կատարը և Թուրքիան արդեն համաձայնություն են տվել նախագծին, իսկ Կատարը վերստանձնել է միջնորդի դերակատարությունը։ Դոհայում Կաթար-Թուրքիա-ՀԱՄԱՍ ձևաչափով բանակցություններ են ընթանում՝ փաստացի նախագիծը ընդունել տալու նպատակով։
– Իսկ Իրանի դիրքորոշո՞ւմը։
– Իրանը լուռ է։ Շատ բան կախված է Իրանից՝ ՀԱՄԱՍ-ի պատասխանի ձևակերպման հարցում։ Սա անմիջականորեն առնչվում է Վաշինգտոն-Թեհրան գծին։ Պաշտոնական Վաշինգտոնը արդեն հայտարարել է, որ նախագիծը վերաբերում է ոչ միայն Գազային, այլև ողջ Միջին Արևելքին։ Հետևաբար Թեհրանի համաձայնությունը կարելի է դիտարկել որպես չձևակերպված 22-րդ կետ։