ՀԱՄԱՍ-ը ոչնչացված չէ, որովհետև Իրանը կա՞


 

ՀԱՄԱՍ-ը ոչնչացված չէ, որովհետև Իրանը կա՞

  • 07-10-2025 17:15:00   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

1in.am  Հոկտեմբերի լույս 7-ի գիշերը  տարածվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հարցազրույցը, որ նա տվել է իսրայելա-ամերիկյան հրապարակախոս Բեն Շապիրին: Այդ մասին հայտնում է vesty.go.il կայքը և ներկայացնում որոշ հատվածներ:
 
Հարցազրույցը նվիրված է Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի հարձակման երկրորդ տարելիցին: Այդ առթիվ Նաթանյահուի գնահատականը միանշանակ է՝ Հոլոքոստից ի վեր դա հրեա ժողովրդի վերապրած ամենամեծ ողբերգությունն է: «Շատերը կարծում էին, որ Իսրայելի պետությունը կծնկի, բայց մենք մոխիրներից հառնեցինք և այժմ ուժեղ ենք, քան երբևէ»,- ասել է Նաթանյահուն:
 
Քսան րոպեանոց տեսանյութում Իսրայելի վարչապետը երեք անգամ անդրադարձել է Իրանի «սպառնալիքին» և ասել, որ Իսլամական հանրապետությունն «այժմ մշակում է ութ հազար կիլոմետր հեռահարության հրթիռ ստեղծելու ծրագիր»: Նաթանյահուի գնահատմամբ, «եթե երեք հազար կիլոմետր էլ ավելացվի, ապա իրանական հրթիռները կարող են խոցել Նյու-Յորքը»:
 
Այդ հայտարարությունը նա ուղեկցել է դիտարկմամբ, որ Իսրայելը «չի խնդրում, որ ամերիկյան զինվորներն իրեն պաշտպանեն, յոթանասունյոթ տարի է՝ նա իրեն և իր դաշնակիցներին պաշտպանում է սեփական ուժերով»: Նաթանյահուն, կարծես, անուղղակի հաստատել է փորձագիտական կարծիքը, որ Իսրայելը «պատրաստվում է Իրանի դեմ երկրորդ պատերազմին»:
 
Ուշագրավ է, որ նախօրեին Գլխավոր շտաբի ռազմական համալսարանի ունկնդիրների հետ հանդիպում է ունեցել Իրանի Զինված ուժերի հրամանատար Հաթամին և ապագա զինվորականներին կոչ արել «պատրաստ լինել սիոնիստական ռեժիմին ոչնչացնող հարված հասցնելու գործին»:
 
Իրանի կողմից «Նյու-Յորքին հարվածելու հնարավորության» մասին Իսրայելի վարչապետի հայտարարությունից կարելի է ենթադրել, որ Իսլամական հանրապետության դեմ նոր ռազմագործողության հարցը նա քննարկել է Միացյալ Նահանգների նախագահի հետ:
 
Իսրայելի վարչապետը, չնայած հարցազրույցի «հաղթական» տոնայնությանը, հարկադրված է եղել խոստովանել, որ պատերազմի երկու տարիներին չի հաջողվել ոչնչացնել ՀԱՄԱՍ-ին: Նաթանյահուն հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը պաղեստինյան կազմակերպությանը կհամոզի զինաթափվել: Նաթանյահուի հարցազրույցի ընդհանուր իմաստը, սակայն, այն է, որ ՀԱՄԱՍ-ը ոչնչացված չէ, քանի որ կա Իրանը: Դա չափազանց վտանգավոր ուղերձ է:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը