Ֆրանսիայի ներքաղաքական փակուղու մասին․ Հարցազրույց քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանի հետ
09-10-2025 15:14:37 | | Մեկնաբանություն
– Պարոն Գանտահարեան, ի՞նչ կարող ենք ասել Ֆրանսիայում ստեղծված ներքաղաքական իրավիճակի մասին։ Ներֆրանսիական զարգացումները ո՞ր ուղղությամբ են ընթանում։
– Ներֆրանսիական իրադարձությունները փաստորեն խոսում են անել վիճակի մասին։ Նույնիսկ խորհրդարանի լուծարումը նախագահ Էմանուել Մակրոնի կողմից և նոր ընտրությունների անցկացումը դեռևս երաշխիք չեն, որ կարող է ձևավորվել այնպիսի կառավարություն, որը ստանա խորհրդարանի վստահության քվեն։ Ներկայ պահին նվազում են այն տարբերակները, որոնք կարող են իրագործվել այս պայմաններում՝ խորհրդարանի լուծարում կամ նախագահի հրաժարական։ Դրանց միջև, սակայն, կա նաև երրորդ տարբերակը՝ ենթադրյալ համաձայնություն դասական քաղաքական ուժերի միջև։
– Վարչապետի հրաժարականից հետո ի՞նչ քայլեր են ձեռնարկվել նոր կառավարություն ձևավորելու ուղղությամբ։
– Նախկին վարչապետը հայտարարել է իր պատրաստակամության մասին՝ մեկնարկելու նոր խորհրդակցություններ։ Մերժելով վերանշանակումը՝ նա այժմ խորհրդակցում է հիմնականում կենտրոնամետ, դասական աջ և դասական ձախ ուժերի, ինչպես նաև Կանաչների կուսակցության հետ՝ նոր կառավարություն ձևավորելու նպատակով։ Աջ և ձախ ծայրահեղ ուժերը հրաժարվել են մասնակցել այս գործընթացին՝ պահանջելով խորհրդարանի լուծարում։ Եթե դասական ուժերը կարողանան գալ համաձայնության, ապա գոնե այս փուլում ծայրահեղ հոսանքների առաջադրած տարբերակը չի իրագործվի։ Այդ պարագայում, ամենայն հավանականությամբ, վարչապետի պաշտոնը կստանձնի ոչ մաքրոնական գործիչը։ Չի բացառվում, օրինակ, որ նշանակվի Սոցիալիստական կուսակցության թեկնածուն։
– Ե՞րբ է սպասվում այս խորհրդակցությունների արդյունքը և ինչպիսի՞ սցենարներ են դիտարկվում։
– Հայտարարված էր, որ մինչեւ չորեքշաբթի գիշեր պետք է ներկայացվեն արդյունքները։ Տեսականորեն հնարավոր էին երեք տարբերակներ՝
կամ կշարունակվեն խորհրդակցությունները,
կամ կհայտարարվի, որ ձևավորվել է համաձայնություն և կկազմվի կառավարություն,
կամ էլ՝ նոր խորհրդարանական ընտրություններ։Պարզվեց, որ Մակրոնը երկու օրվա ընթացքում նշանակելու է նոր վարչապետ։ Կան որոշակի նախարդյայլներ որ դասական ուժերի միջեւ լինելու է համաձայնություն։ Ինչը կապահովի խորհրդարանում անհրաժեշտ թիւը կառավարության վստահության քվե տալու։
– Իսկ ի՞նչն է այս քաղաքական փակուղու հիմնական պատճառը։
– Պատճառները բազմաշերտ են, սակայն հիմնականում կապված են պետական բյուջեի և տնտեսական իրավիճակի հետ։ Ֆրանսիան կանգնած է տնտեսական ճգնաժամի առաջ, իսկ բյուջետային ծրագրերը ներառում են հարկային նոր փոփոխություններ, որոնք առաջացրել են լայն դիմադրություն։
Նույնիսկ նախագահի քաղաքական շրջանակում կան ազդեցիկ դեմքեր, որոնք բացահայտում են իրենց անհամաձայնությունը Մակրոնի վարած քաղաքականության հանդեպ։
– Արդյո՞ք այս ներքին ճգնաժամը կարող է անդրադառնալ Ֆրանսիայի արտաքին քաղաքականության վրա։
– Անկասկած։ Ներքին խնդիրները միշտ ունեն արտաքին հետևանքներ։ Ֆրանսիայի քաղաքական տատանումները կազդեն նաև նրա միջազգային ազդեցության վրա, այդ թվում՝ Հայաստանի հետ հարաբերությունների ուղղությամբ։
Ռուսաստան-Ֆրանսիա լարվածությունը, Ուկրաինայի պատերազմի համատեքստում Ֆրանսիայի զբաղեցրած դիրքերը, արտաքին պարտքի աճը և Ուկրաինային ցուցաբերվող շարունակական աջակցությունը.այս գործոնները պետք է դիտարկել նաև տարածաշրջանային հաշվեկշռի շրջանակում։
– Իսկ եթե դիտարկենք ավելի լայն՝ եվրոպական տեսանկյունից։
– Ֆրանսիայի այս անել վիճակը դուրս է գալիս ազգային սահմաններից և տարածվում ողջ Եվրոպայի վրա։ Թուլացած տնտեսություն, Ուկրաինայի պատերազմի հետևանքներ և արտաքին ազդեցության նվազում՝ ԵՄ ներսում։ Այս ամենը փաստացի ուժեղացնում է Միացյալ Նահանգների ազդեցությունը Եվրոպայի վրա։
Կարելի է ասել, որ այսօր եվրոպական արտաքին քաղաքականությունը որոշ դեպքերում արտացոլում է Վաշինգտոնի շահերը։ Այդ կախվածությունը սկսվել էր ավելի վաղ, սակայն Ուկրաինայի պատերազմը այն էլ ավելի խորացրեց՝ Եվրոպան դարձնելով ԱՄՆ-ի քաղաքական ուղեգծից առավել կախյալ։
– Կարո՞ղ է արդյոք դասական ուժերի հնարավոր համաձայնությունը փոխել այս իրավիճակը։
– Եթե դասական ուժերը համաձայնության գան, ապա դա գոնե ժամանակավորապես կարող է թուլացնել անել վիճակը և կանխել ծայրահեղական միտումների աճը։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ Ֆրանսիայի այս ճգնաժամը միայն ներքին չէ․ այն արտացոլում է եվրոպական և համաշխարհային քաղաքականության խորքային հակասությունները։