Շարմ էլ-Շեյխի գագաթաժողովը՝ Գազայի խաղաղության նոր փուլի մեկնարկ. «Նոյյան Տապան»-ի հարցազրույցը քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանի հետ
14-10-2025 13:45:00 | | Հարցազրույցներ
Շարմ էլ-Շեյխում կայացած գագաթաժողովը դիտվում է որպես կարևոր փուլ Գազայի պատերազմի ավարտի և Մերձավոր Արևելքում խաղաղության նոր համակարգի ձևավորման ճանապարհին։ Քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանը զրուցում է հանդիպման նշանակության, դրա մասնակիցների և բացակայողների մասին, ինչպես նաև անդրադառնում է Հայաստանի ու Ադրբեջանի ուղղված հրավերներին։
– Պարոն Գանտահարյան, ինչպե՞ս կգնահատեք Շարմ էլ-Շեյխում կայացած գագաթաժողովը և դրա նշանակությունը Գազայի հարցի կարգավորման համատեքստում։
– Կարելի է ասել, որ Գազայի վերաբերյալ ամերիկյան նախագծի իրագործման առաջին փուլն արդեն մեկնարկել է։ Դա վկայում է իրադարձությունների արագ ընթացքի մասին։ Միացյալ Նահանգների ճնշումն այս հարցում ակնհայտ է՝ թե՛ համաձայնությունը պարտադրելու, թե՛ դրա կիրառումը չուշացնելու առումով։ Այս առումով պատահական չէ, որ պատանդների ազատ արձակումը համընկավ հենց Շարմ էլ-Շեյխի վեհաժողովի ժամանակին։
– Ո՞րն էր վեհաժողովի պաշտոնական նպատակը։
– Հիմնական առաքելությունն էր վավերացնել Գազայի համաձայնությունը և երաշխավորել դրա իրագործումը։ Սա ակնհայտ է նաև ձևաչափից՝ հաշվի առնելով մասնակից երկրների կազմը։
– Ինչո՞ւ հենց Եգիպտոսը ընտրվեց որպես հաշտեցման հարթակ։
– Եգիպտոսը որպես հաշտեցման վայր ընտրելով՝ Միացյալ Նահանգները բարձրացնում է այդ երկրի հեղինակությունն ու դերակատարությունը ոչ միայն Գազայի պատերազմի ավարտը ամրագրելու, այլև Մերձավոր Արևելքում նոր իրավիճակ ձևավորելու առումով։ Եգիպտոսի կողքին հիշատակվեց նաև Կատարը, որը մինչ այդ ստանձնել էր միջնորդական առաքելություն, սակայն վերջին փուլում ծանր հարված ստացավ՝ Իսրայելի կողմից իր տարածքների վրա հարձակման հետևանքով։
– Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը չէին մասնակցում գագաթաժողովին։ Ինչպե՞ս բացատրել այս բացակայությունը։
– Հակամարտող կողմերի բացակայությունը ցույց է տալիս, որ համաձայնությունը ձևավորվում է արտաքին միջնորդների մակարդակով։ Թել Ավիվը սկզբում տեղեկացրեց, թե վարչապետ Նեթանյահուն չի մասնակցի, մինչդեռ Կահիրեն հակառակն էր հայտնել։ Այս անորոշությունը վկայում է, որ խաղաղության գործընթացում դեռ բազմաթիվ հարցեր բաց են մնում։
– Ռուսաստանն ու Չինաստանը նույնպես բացակայում էին։ Սա ի՞նչ է ցույց տալիս։
– Նրանց բացակայությունը պատահական չէ։ Վաշինգտոնը պարզապես չի ներառել այս երկու գերտերություններին։ Դա մեկուսացնող քաղաքականության դրսևորում է․ ԱՄՆ-ը փորձում է ցուցադրել, որ տարածաշրջանում միայն ինքն է առաջնորդող ուժը։ Այսպիսով, ԱՄՆ-ը, գոնե տեսանելիորեն, ցանկանում է ներկայացնել, թե մյուս գերտերությունները չունեն ազդեցություն Մերձավոր Արևելքի նոր ճարտարապետության վրա։
– Իսկ Իրանն, ըստ լուրերի, հրավիրված էր, բայց մերժել է մասնակցել։ Ի՞նչ է դա նշանակում։
– Այո, Թեհրանն իսկապես հրավիրված էր, սակայն մերժել է մասնակցությունը։ Դա չի նշանակում, որ Իրանն ընդդիմանում է խաղաղության ծրագրին։ Իրանական ղեկավարությունը չէր կարող ներկայանալ մի գագաթաժողովի, որտեղ հնարավոր էր Իսրայելի վարչապետի մասնակցությունը։ Միաժամանակ պետք է հաշվի առնել, որ Գազայի համաձայնությունը փուլային է, և յուրաքանչյուր փուլի համար նախատեսված են առանձին բանակցություններ։ Իրանն ունի իր ասելիքն ու ազդեցության լծակները յուրաքանչյուր փուլում։ Ուստի մերժումը չի նշանակում հարաբերությունների խզում․ ընդհակառակը՝ հրավերն արդեն իսկ վկայում է, որ բանակցային ուղիները բաց են մնում։
– Ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանի և Ադրբեջանի ուղղված հրավերները։
– Առաջին հայացքից դրանք կարող են քարոզչական բնույթ ունենալ՝ ցույց տալու համար, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ երկարատև հակամարտություն ունեցող երկրներ կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել։ Սակայն միայն օրինակ բերելու ձևով չի կարելի դա բացատրել։ Պետք է հիշել նաև Ադրբեջանի և Իսրայելի խորացող համագործակցությունը։ Ավելին՝ այս ամենի վրա հստակ երևում է «Աբրահամյան դաշինքի» ստվերը։ Թրամփի նախագահության սկզբին առաջ էր քաշվում այս հայեցակարգը՝ որպես արաբական պետությունների և Թել Ավիվի դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործընթաց։ Գազայի պատերազմը ժամանակավորապես կասեցրեց այդ գործընթացը, սակայն այժմ այն նորից վերադարձել է՝ Շարմ էլ-Շեյխի գագաթաժողովի ձևաչափով։
– Այս համատեքստում ի՞նչ նշանակություն կարող է ունենալ Հարավային Կովկասը։
– Արտաքին գործերի նախարարի մակարդակով արդեն ակնարկ արվել էր, որ Հայաստանը և Ադրբեջանը կարող են միանալ Աբրահամյան դաշինքին։ Այսպիսով, Թեհրանի սահմանամերձ Հարավային Կովկասը դիտարկվում է որպես հաջորդ թիրախային աշխարհագրական միջավայր։
– Եզրափակիչ հարց․ ինչպե՞ս է պետք գնահատել այս գործընթացը Հայաստանի տեսանկյունից։
– Այստեղ առաջնայինը ոչ թե «հաջողված խաղաղության օրինակ» ցույց տալն է, այլ հասկանալը, թե ինչ աշխարհաքաղաքական ուղղությամբ է մեզ ներքաշում այս գործընթացը։ Տարածաշրջանում վերաձևավորվում են ազդեցության ոլորտները։