ՄԻԵԴ-ը Ռուսաստանին պարտավորեցրել է Վրաստանին վճարել 253 միլիոն եվրո


 

ՄԻԵԴ-ը Ռուսաստանին պարտավորեցրել է Վրաստանին վճարել 253 միլիոն եվրո

  • 14-10-2025 19:01:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1in.am․ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վճռել է, որ Ռուսաստանը Վրաստանին պետք է ավելի քան 253 մլն եվրո վճարի 2008 թվականի պատերազմից հետո սահմանազատման գծի ամրապնդման (բորդերիզացման) հետևանքով առաջացած մարդու իրավունքների խախտումների համար:
 
«Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի (IV)» գործով վճիռը դատարանը կայացրել է 2024 թվականի ապրիլին, իսկ այսօր հստակեցրել է փոխհատուցման չափը։
 
ՄԻԵԴ-ը հիշեցրել է, որ հաստատել է Ռուսաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտումների համակարգված բնույթը։ Դրանք ներառում են ուժի չափազանց կիրառում, խոշտանգումներ և վատ վերաբերմունք, անօրինական կալանք, տեղաշարժի ազատության և տների, հողերի և ընտանիքների հասանելիության սահմանափակումներ, ինչպես նաև վրացերեն լեզվով կրթության արգելք։
 
Փոխհատուցումներ են շնորհվել ավելի քան 29 հազար տուժածի։
 
ՄԻԵԴ-ը նաև նշել է, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն շարունակում է վերահսկել Ռուսաստանի վերաբերյալ դատարանի որոշումների կատարումը: 46-րդ հոդվածի (որոշումների պարտադիր ուժ և կատարում) համաձայն՝ Ռուսաստանը պարտավոր է կատարել 2022 թվականի սեպտեմբերի 16-ից առաջ տեղի ունեցած փաստերի վերաբերյալ որոշումները, այն օրը, երբ այն դադարեց լինել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կողմ:
 
Այնուամենայնիվ, Ռուսաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ չեն կատարի 2022 թվականի մարտի 16-ից հետո կայացրած ՄԻԵԴ որոշումները:
 
ՄԻԵԴ-ի որոշումը մեկնաբանել են Վրաստանի արդարադատության նախարարությունում։ Գերատեսչությունը շնորհավորել Է Վրաստանի ժողովրդին պատմական հաղթանակի կապակցությամբ՝ որոշումն անվանելով Ռուսաստանի դեմ Վրաստանի շահած պատմական գործերի տրամաբանական շարունակություն:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը