Գազայի սահմանային լարվածությունները, Իսրայելի ներսում և շրջակայքում նկատվող ռազմական շարժերը, ինչպես նաև ԱՄՆ-ի փոփոխվող դիրքորոշումները վկայում են՝ տարածաշրջանը կանգնած է հերթական բեկումի առաջ։
Այս գործընթացների քաղաքական ենթատեքստը և հավանական զարգացումները «Նոյյան Տապան»-ին մեկնաբանում է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանը։
– Պարոն Գանտահարյան, վերջին օրերին Միջին Արևելքում իրադարձությունները կարծես նորից մտնում են լարված և, կարելի է ասել, նույնիսկ՝ յոռետեսական փուլ։ Ի՞նչ միտումներ եք նկատում։
– Իրոք, տարածաշրջանային մակարդակով մտահոգիչ ուղղություններ են սկսում կրկին երևալ։ Դրանց մի մասը հայտարարությունների բնույթ ունեն, մյուսները՝ լրատվական դաշտին են պատկանում, սակայն ամենաուշագրավը գետնի վրա արձանագրվող ռազմաքաղաքական դրվագներն են։
Անշուշտ, պետք է տարբերել հայտարարողականը, իրականը և լրատվականը․ դրանք միշտ էլ կարող են իրար չհամընկնել։ Բայց եթե դիտարկենք համակցված՝ կարող ենք ավելի հստակ պատկեր ստանալ սպասվելիք զարգացումների մասին։
– Իսրայելական կողմում ի՞նչ է փոխվել վերջին օրերին։
– Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետը հրամանատարական կազմին փոխանցել է հրահանգ՝ վերադառնալ ակտիվ մարզումների և բոլոր ճակատներում պատրաստ լինել ցանկացած զարգացումների։
Բնականաբար, զինված ուժերի տեղաշարժերը միշտ չէ, որ հրապարակայնացվում են։ Երբ գործողությունները վերսկսվում են, հատկապես եթե դրանք արմատական բնույթ ունեն, գործի է դրվում անակնկալի գործոնը՝ առանց պատերազմի բացահայտ հայտարարության։
Միաժամանակ՝ ներքին և արտաքին լսարանների վրա ազդելու նպատակով սովորաբար նախապես կիրառվում են հիմնավորման մեթոդներ՝ հանրային կարծիքը նախապատրաստելու համար։
– Այս հայտարարությունները Իսրայելից կարո՞ղ ենք համարել նախազգուշացում։
– Այո, դրանք զգուշացման բնույթ ունեն, հատկապես հաշվի առնելով, որ Գազայի շրջանում արձանագրվել են զինադուլի սահմանափակ խախտումներ։
– Միացյալ Նահանգների նախագահն էլ, կարծես, փոխեց իր շեշտադրումները։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա։
– Սկզբում ԱՄՆ նախագահի դիրքորոշումը հաշտեցնող էր․ նա շեշտեց, որ տեղի ունեցածը որոշ անկարգապահ տարրերի գործողության հետևանք է, և որ խաղաղությունը անդառնալի որոշում է։
Նա նույնիսկ նշեց, որ «Համաս»-ի ղեկավարությունը անմիջական մեղսակից չէ խախտումներին։
Սակայն մի քանի օր անց շեշտադրումները փոխվեցին․ հնչեց զգուշացում, որ եթե «Համաս»-ը անհրաժեշտ քայլեր չձեռնարկի, հակազդեցությունը լինելու է խիստ և անխնա։ Միևնույն ժամանակ, ընդգծվեց, որ դաշնակից ուժերի կողմից լայնածավալ ռազմական գործողության պահը դեռ չի հասել։
– Այս հայտարարություններից հետո Իսրայելի արձագանքը կանխատեսելի՞ էր։
– Փաստորեն՝ այո։ Դրանից անմիջապես հետո Իսրայելի զինված ուժերի պետը հրամայեց բարձրացնել պատրաստականությունը բոլոր ճակատներում։
– Լիբանանի և Իրանի հարցում ինչպե՞ս եք գնահատում ամերիկյան ուղերձները։
– Ամերիկյան հատուկ պատվիրակն իր հայտարարության մեջ ընդգծեց․«Կենդանի հիշողության մեջ առաջին անգամ քաղաքական կամքը, տնտեսական անհրաժեշտությունն ու ժողովրդական հույսը խաչաձևվում են, և առաջընթացի առջև միակ խոչընդոտը իրանական անզգույշ ղեկավարությունն է և դրա միլիցիաները»։
Սա բավական հստակ ուղերձ էր Թեհրանին՝ ակնարկելով, որ ԱՄՆ-ն իր ռազմավարական գիծը որոշակիորեն վերակողմնորոշում է։
– Իսկ Թեհրանի արձագա՞նքը։
– Պաշտոնական Թեհրանը պատասխանեց, որ Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը չի վերսկսվի այնքան ժամանակ, քանի դեռ Վաշինգտոնը Իրանի նկատմամբ անհնարին պահանջներ է դնում։
Այսինքն՝ հանգույցը խճճված է․ բանակցությունները չեն դադարել, բայց ընթանում են կուլիսային ձևով։ Այս իրավիճակը հենց դրա հետևանքն է՝ ազդարարությունների և փոխադարձ սպառնալիքների շղթա։
– Կարելի՞ է ասել, որ տարածաշրջանը կրկին կանգնած է պատերազմի վտանգի շեմին։
- Տարածաշրջանը բազմիցս անցել է նման հանգրվաններով։ Երբեմն գործողությունները ներկայացվում են որպես «անկարգապահ տարրերի» արարքներ, իսկ երբ լարվածությունը ամրանում է, պատասխանատվությունը տարածվում է պետությունների վրա։
Այժմ մենք հենց այդ երկու հնարավոր ուղղությունների միջև ենք գտնվում։ Ուշագրավ է, որ այս երկու տարբերակներն էլ արդեն արտացոլվում են պաշտոնական Վաշինգտոնի հաջորդական հայտարարություններում։