Անկարայի նկրտումները Գազայում․ մեկնաբանում է վերլուծաբան Շահան Գանտահարյանը


 

Անկարայի նկրտումները Գազայում․ մեկնաբանում է վերլուծաբան Շահան Գանտահարյանը

  • 27-10-2025 15:38:54   |   |  Հարցազրույցներ

 
Գազայի շուրջ ընթացող գործընթացները նոր շերտեր են բացում տարածաշրջանային քաղաքականության մեջ։ Թուրքիան հետևողականորեն ձգտում է հանդես գալ որպես անփոխարինելի դերակատար՝ ներկայացնելով իրեն խաղաղության երաշխավոր։ Սակայն Անկարայի իրական նպատակները, ինչպես նաև նրա գործընկեր Բաքվի ակտիվությունը, վկայում են փոխկապակցված ռազմավարության մասին, որի միջոցով երկու երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Մերձավոր Արևելքում՝ հատկապես Գազայի հարցի հաշվին։ Այս բարդ իրավիճակի մասին Նոյյան Տապան-ը զրուցել է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանի հետ։  
 
-Պարոն Գանտահարյան ի՞նչ դեր է փորձում ստանձնել Թուրքիան Գազայի շուրջ ընթացող գործընթացներում։
 
- Թուրքիան հետևողականորեն փորձում է դերակատար դառնալ Գազայի հետ կապված քաղաքական զարգացումների մեջ։ Առաջին հայացքից, սակայն, հակասություն է առաջանում․ Անկարան հանդես է գալիս հակաիսրայելական և ընդգծված պաղեստինամետ դիրքորոշմամբ։ Սա բարդացնում է նրա՝ միջնորդի կամ երաշխավորի դեր ստանձնելու հնարավորությունը, քանի որ նման դեր կարող է կատարել միայն չեզոք պետություն։
 
- Այդ դեպքում ինչպե՞ս է Անկարան փորձում համատեղել իր այս դիրքորոշումները։
 
-Թուրքական մոտեցումը կառուցված է բազմաշերտ հայտարարությունների վրա։ Նախ, նախագահ Էրդողանը խոսում է ԱՄՆ-ի կողմից Իսրայելի վրա ճնշումների ուժեղացման և նույնիսկ Թել Ավիվի դեմ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտության մասին։ Այնուհետև ընդգծում է, որ Գազայի վերականգնման համար անհրաժեշտ է համակողմանի համակարգում և ներդրումներ՝ նշելով, որ Թուրքիան արդեն սկսել է ենթակառուցվածքային աշխատանքներ։
 
-Թուրքիան կարծես փորձում է իր դերը տարածել նաև այլ տարածաշրջանների վրա, չէ՞։
 
- Այո՛, Էրդողանը հայտարարում է, որ Սիրիայից մինչև Ուկրաինա հնարավոր չէ կայունություն և խաղաղություն հաստատել առանց Թուրքիայի։ Այսպիսով, Անկարան իրեն ներկայացնում է որպես խաղաղության ջահակիր և անփոխարինելի գործոն՝ պնդելով, թե առանց իրեն այսօր միջազգային հարթությունում հավասարակշռություն հնարավոր չէ ստեղծել։ Նշվում են նաև աշխարհագրական ուղղությունները՝ Սիրիայից մինչև Գազա, Պարսից ծոցից մինչև Ռուսաստան-Ուկրաինա։
 
- Ի՞նչ է նշանակում այս աշխարհագրական ընդգծումը։
 
-Սա ցույց է տալիս Անկարայի հավակնությունների ծավալը։ Դրան անմիջապես հաջորդում է պաշտոնական Թուրքիայի պատկերացումը՝ առաջիկա գործընթացներում «ահաբեկչությունից մաքրել» ոչ միայն Թուրքիան, այլև ամբողջ տարածաշրջանը։ Այսինքն՝ ահաբեկչազերծումն այսօր Թուրքիայի՝ ինքն իրեն վերապահած առաքելությունն է։
 
- Սակայն Թուրքիան ինքն է հաճախ մեղադրվում ահաբեկչական խմբավորումների աջակցելու մեջ։ Ինչպե՞ս համատեղել դա։
 
- Այստեղ իսկապես կա հակասություն։ Ահաբեկչություն արտահանած երկիրը հիմա փորձում է վնասազերծել հենց իր արտահանած ազդեցությունը։ Առավել ակնհայտ է, որ այս «առաքելությունը» հիմնականում վերաբերում է քրդական գործոնին։ Թեև շրջանառվում են լուրեր, թե քուրդ զինյալները հեռանում են թուրքական տարածքներից, դժվար է պատկերացնել, որ քրդական հարցը լիովին կկորցնի իր ռազմավարական նշանակությունը։
 
- Վերադառնանք Գազա։ Ինչպե՞ս է այստեղ ընդգրկվում Բաքուն։
 
-Վերջին շրջանում նկատվում է Ադրբեջանի աշխուժացումը՝ մասնակցելու տեղակայվելիք բազմազգ զորախմբերին։ Որոշ աղբյուրներ նույնիսկ նշում են, որ այդ զորախմբերը կարող են ղեկավարել հենց Ադրբեջանը և Ինդոնեզիան։ Սա էլ ավելի հստակեցնում է թուրքական մարտավարական խաղը։
 
- Այսինքն՝ Թուրքիան կոշտացնում է իր հռետորաբանությունը, բայց միաժամանակ Բաքուն առաջ է քաշում՞։
 
- Ճիշտ այդպես։ Անկարան արտաքինից հանդես է գալիս որպես Իսրայելի քննադատ, սակայն փաստացի առաջ է մղում Ադրբեջանին, որն էլ իր հերթին խորացնում է կապերը Իսրայելի հետ։ Այս դերի բաշխման հրապարակային արտացոլումը երևաց նաև Շարմ էլ-Շեյխում՝ որտեղ Թուրքիան ներկայացավ բարձր մակարդակով, իսկ Ադրբեջանը՝ միայն արտգործնախարարի։ Անկարայի դիրքորոշումը կոշտ էր և էականորեն տարբեր՝ Բաքվից։ Սա հուշում է որոշակի համակարգումի մասին։
 
-Իսկ ինչպե՞ս է այս ամենը ընկալվում Վաշինգտոնում։
 
- Վաշինգտոնի մոտեցումը հստակ է․ Գազայում տեղակայվելիք ուժերի կազմը չպետք է անհանգստացնի Թել Ավիվին։ Իսկ Թել Ավիվը հանգիստ է թե՛ Բաքվով, թե՛ Անկարայով, հատկապես եթե այդ հանգստությունն ապահովվի հենց Վաշինգտոնի միջոցով։
 
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ