ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻԱՑԱՎ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻԱՑԱՎ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ

  • 20-06-2008 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատերերը այսուհետ հնարավորություն կունենան շփվելու եւ գործընկերներ գտնելու նաեւ եվրոպական շուկայում` Հայաստանի Ձեռնարկությունների եվրոպական ցանցին (Enterprise Europe Network) միանալու շնորհիվ: Ցանցին միանալու պաշտոնական արարողությունը կայացավ հունիսի 20-ին Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությունում: ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը նշեց, որ զարգացած եվրոպական շուկայի հետ առնչվելը, եվրոպացի մասնագետների պրոֆեսիոնալ խորհրդատվությունը զարգացման հնարավորություն կտա ոչ միայն փոքր եւ միջին, այլեւ խոշոր ձեռնարկատերերին: Ըստ նրա, ցանցի ծառայություններից կարող են օգտվել ինչպես Երեւանի, այնպես էլ մարզերի գործարարները: Այն հատկապես օգտակար կլինի այն մարդկանց համար, որոնք նոր են սկսում զբաղվել բիզնեսով: Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ռաուլ դը Լուցենբերգերի խոսքերով, ցանցին Հայաստանի անդամակցությունը Եվրոպական հարեւանության ծրագրի շրջանակներում կատարված հերթական կարեւորագույն քայլերից է, որը ավելի հասանելի կդարձնի եվրոպական շուկան հայ գործարարների համար: «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Իշխան Կարապետյանը հայտնեց, որ ցանցը կաջակցի ձեռնարկություններին նոր գործարար համագործակցության, շուկայի հետազոտությունների եւ պոտենցիալ գործընկերների հայտնաբերման, բանակցությունների վարման եւ համագործակցության համաձայնագրերի կնքման, միջազգային շուկայում գործունեության իրականացման համար իրենց պատրաստվածության եւ հնարավորությունների գնահատման առումով: Նրա խոսքերով, արդեն իսկ ստեղծվել են 14 աշխատանքային խմբեր, որոնք աշխատում են տնտեսության տարբեր ոլորտներում: Միաժամանակ նշվեց, որ արդեն ցանցի ծառայություններից օգտվելու 5 առաջարկ է ստացվել, եւս 25-ը` մշակման փուլում է: Նշենք, որ ներկայումս «Ձեռնարկությունների եվրոպական ցանցը» գործում է Եվրոմիության անդամ 27 երկրներում, Եվրոմիության անդամության թեկնածու երկրներ Թուրքիայում եւ Մակեդոնիայում, եվրոպական տնտեսական գոտու երկրներ Նորվեգիայում եւ Իսլանդիայում, իսկ 2008թ.-ից ցանցին են անդամակցել նաեւ Իսրայելն ու Շվեյցարիան:
Նոյյան տապան  -   Տնտեսություն