Կսահմանվեն կլիմայական քաղաքականության մշակման և իրականացման համար անհրաժեշտ եւ լիազորվող նորմեր
11-11-2025 19:49:36 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՀՀ ԱԺ նոյեմբերի 11-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Կլիմայի մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Օրենսդրական փաթեթի ընդունմամբ կկարգավորվի Հայաստանի Հանրապետությունում կլիմայի փոփոխության մեղմման եւ հարմարվողականության քաղաքականությունների մշակման, իրականացման, դրանց համակարգման գործընթացների կազմակերպումը:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի ներկայացմամբ օրենքների նախագծերի փաթեթով կսահմանվեն կլիմայական քաղաքականության մշակման եւ իրականացման համար անհրաժեշտ եւ լիազորվող նորմերը: Կապահովվեն հիմքեր «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ներքո ընդունված Փարիզյան համաձայնագրով նախատեսված թափանցիկության ընդլայնված շրջանակին համապատասխան չափումների, հաշվետվողականության եւ հավաստագրման համակարգի կայացման եւ շարունակական զարգացման համար: Այն կնպաստի շրջակա միջավայրի, բնակչության, մարզերի, համայնքների, տնտեսության ճյուղերի ու ենթակառուցվածքների կարողությունների զարգացմանը:
«Օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալում ենք ունենալ հստակ սահմանված տնտեսության դիմակայունության բարձրացմանն ուղղված նպատակներ եւ հնարավորություններ, հստակ սահմանված իրավասություններ եւ պարտականությունների շրջանակ, ներդրված նորարական ֆինանսական մեխանիզմներ»,- ասել է հիմնական զեկուցողը` առաջարկելով կողմ քվեարկել օրենսդրական նախաձեռնությանը:
Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունն օրենսդրական փաթեթի վերաբերյալ ներկայացրել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Միքայել Թումասյանը: