Վաշինգտոն–Դամասկոս հարաբերությունների նոր շրջափուլը․ վերլուծաբան Շահան Գանտահարյան
15-11-2025 11:15:25 | | Հարցազրույցներ
Վաշինգտոն–Դամասկոս հարաբերությունների նոր շրջափուլը. անվտանգությո՞ւն, թե՞ նոր աշխարհաքաղաքական ճարտարապետություն։Այս հարցերի մասին «Նոյյան Տապան»-ը զրուցեց քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանի հետ
– Պարոն Գանտահարյան, ինչպե՞ս կբնորոշեք վերջին զարգացումները Վաշինգտոն–Դամասկոս հարաբերություններում։
– Դրանք մտնում են նոր փուլ՝ երկու ուղղությամբ՝ անվտանգության և տնտեսական։ Անվտանգային մակարդակում առաջնահերթ նպատակն է Սիրիան ու տարածաշրջանը ազատել ահաբեկչական խմբավորումներից։
– Սիրիան տարիներ շարունակ դիտվում է որպես տարածաշրջանային ճգնաժամի կենտրոն։ Ինչո՞ւ է այսպես։
– Տարբեր երկրներից Սիրիա ներթափանցած ահաբեկչական խմբավորումները կարևոր դեր ունեին ոչ միայն երկրի իշխանությունը թուլացնելու, այլ նաև վերահսկելի քաոս տարածելու գործում։ Այդ գործընթացները հանգեցրին ցեղային զտումների, ժողովրդագրական փոփոխությունների և Սիրիա–Իրաք գծով ուժերի նոր տեղաբաշխման։
– ԱՄՆ-ը հիմա խոսում է ահաբեկչության դեմ նոր մեկտեղված պայքարի մասին։ Ի՞նչ դաշինք է ձևավորվում։
– Վաշինգտոնը փորձում է ձևավորել Իսրայել–Թուրքիա–Սիրիա համագործակցային առանցք։ Բայց այս առանցքը միանշանակ չէ․ կողմերը ունեն հակասություններ և տարբեր անվտանգության առաջնահերթություններ։
– ԱՄՆ-ի հայտարարություններում որո՞նք են հիմնական շեշտադրումները։
– ԱՄՆ-ը Դամասկոսից ակնկալում է աջակցություն ոչ միայն ԴԱԵՇ-ի, այլև Իրանի հեղափոխական պահակազորի, Համասի, Հըզբալլայի և այլ կառույցների դեմ։ Այսպիսով՝ թիրախը, ըստ ամերիկյան ընկալման, Իրանն է և նրա ազդեցության ցանցերը։Չնայած կողմերը շարունակելու են բանակցել։
– Թուրքիան ինչպե՞ս է արձագանքում այս գործընթացին։
– Թուրքիան ահաբեկչություն ասելով առաջին հերթին նկատի ունի քրդական զինված խմբերը։ Սակայն Վաշինգտոնի նոր ձևակերպումներում քրդերն առհասարակ չեն հիշատակվում։ Սա լուրջ հակասություն է թուրք-ամերիկյան օրակարգում։
– Քրդական գործոնը շարունակո՞ւմ է մնալ որպես լծակ։
– Անտարակույս։ Քրդական զինաթափումները շատ մասնակի են և ցույց են տալիս, որ այդ թեման դեռևս խաղաթուղթ է Վաշինգտոնի և Թել Ավիվի ձեռքում։
– Իսրայելի և Թուրքիայի տարաձայնությունները Սիրիայի հարցով միա՞կ տարբերությունն է։
– Ոչ։ Գազայում նախատեսված միջազգային ուժերի կազմավորման հարցում նույնպես կա հակադիր դիրքավորում։ Թուրքիան ցանկանում է ներգրավվել, իսկ Իսրայելը կտրուկ դեմ է։ Փոխարենը քննարկվում է Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը, թեև վերջինս առանց Անկարայի համաձայնության որևէ ինքնուրույն քայլ իրականացնել չի կարող։Գեթ այս մակարդակով։
– Տնտեսական հարթակով ի՞նչ վերաբազմակերպումներ են նախատեսվում Սիրիայի համար։
– Խոսքը Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների աստիճանական վերացման մասին է։ Այդ գործընթացը փուլային է և կախված է Դամասկոսի քայլերից․ որքան դրանք համահունչ լինեն Վաշինգտոնի պահանջներին, այնքան արագ Սիրիան կդադարի տնտեսական մեկուսացումից։
– Կարո՞ղ ենք եզրակացնել, որ դաշինքը դեռ վերջնականապես ձևավորված չէ։
– Այո։ Կողմերի միջև կան համեմատաբար մեծ անվտանգային տարաբնույթ շահեր։ Գազա ուղարկվելիք բազմազգ ուժերի վերջնական կազմը կարող է որոշակի լույս սփռել ապագա դաշինքի իրականացման և դրա ազդեցության ծավալների վրա։