Ուղերձներ` հնչած Թեհրանից․ մեկնաբանում է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանը
18-11-2025 14:55:44 | | Մեկնաբանություն
Ուղերձներ` հնչած Թեհրանից
Պաշտոնական Թեհրանը նոր ուղերձներ է փոխանցում ԱՄՆ-ին։«Ինչպե՞ս կարելի է սա մեկնաբանել»։«Նոյյան Տապան»-ին պատասխանում է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանը։
– Ի՞նչ ուղերձներ են պարունակում Իրանի արտաքին գործերի նախարարի՝ Վաշինգտոնի հետ միջուկային օրակարգով բանակցությունները վերսկսելու մասին հայտարարությունները։
– Նախարարի հայտարարությունները բազմաշերտ են։ Նա ընդգծում է, որ դիվանագիտությունից խուսափողը Իրանը չէ, այլ ԱՄՆ-ն և Արևմուտքը, որոնք փորձել են պարտադրել սեփական կամքը։ Նրա խոսքով՝ դիվանագիտությունը դեռ ունի գործելու տարածք, սակայն պայման է, որ պահպանվեն բանակցային կանոններն ու սկզբունքները՝ որպես վեճերի կարգավորման հիմք։
– Նախարարը անդրադարձել էր նաև հարստացման գործընթացին։ Ի՞նչ է իրականում փոխանցվում այդ հայտարարությամբ։
– Արաղչին ասել էր, որ Իրանում չհայտարարագրված միջուկային հարստացում չկա, քանի որ բոլոր հարստացման կենտրոնները գտնվում են Միջազգային միջուկային էներգիայի գործակալության վերահսկողության տակ։ Նա նաև նշել էր, որ «այս պահին հարստացում չկա, քանի որ մեր հարստացման կետերը ենթարկվել են հարձակման»։ Այս հայտարարությունը ուշագրավ է, քանի որ նախկինում իրանական կողմը պնդում էր՝ ամերիկյան հարվածները չեն չեզոքացրել հարստացման գործառույթները։ Հիմա արդեն փոխանցվում է դրական մի ուղերձ՝ հարստացման գործընթացը կասեցված լինելու մասին։
– Կարո՞ղ ենք ասել, որ այս հայտարարությունները նաև քաղաքական նպատակադրում ունեն։
– Անշուշտ։ Իրանը շեշտում է, որ չի իրականացնում հարստացում միջազգային վերահսկողությունից դուրս։ Միևնույն ժամանակ, չի հրաժարվում միջուկային էներգիայի ոչ ռազմական բնույթի ծրագրերից՝ դա համարելով իր ինքնիշխան իրավունքը։ Եվ հենց այս իրավունքից հրաժարվելու պահանջն է, որ, ըստ Իրանի, չպետք է առաջ քաշեն ԱՄՆ-ն ու Արևմուտքը։ Այս քայլով պաշտոնական Թեհրանը փաստում է, որ բանակցությունների ավարտի մասին խոսք լինել չի կարող։
– Միջուկային թեմայով բանակցությունները վերսկսելու որևէ գործընթաց կա՞։
– Այո։ Արտգործնախարարությունը հաստատել է, որ այս ամսվա սկզբին ստացել է բանակցությունները վերսկսելու առաջարկ՝ կառավարության խոսնակի միջոցով։ Սա ևս վկայում է, որ դիվանագիտական ուղիները շարունակում են գործել։
– Նախարարը նաև խոսել էր Սյունիքի նոր հաղորդուղիների մասին։ Ի՞նչ դիրքորոշում է փոխանցում Իրանը այս թեմայով։
– Արաղչին հայտարարել է, որ Սյունիքի նախագծերը Իրանի համար ուղիղ սպառնալիք չեն ներկայացնում, և Թեհրանը հարցի շուրջ ունի անմիջական կապեր՝ ակնհայտորեն դիվանագիտական։ Ենթադրելի է, որ այդ կապերը նաև Վաշինգտոնի հետ են, քանի որ նախագծերի համակարգի հիմնական երաշխավորը ԱՄՆ-ն է։
– Այս դիրքորոշումը տեղում ևս վերահաստատվե՞լ է։
– Այո։ Կապանում Իրանի հյուպատոսը վերահաստատել է իր նախագահի դիրքորոշումը՝ նշելով, որ Իրանն անհանգստանալու պատճառ չունի TRIPP նախագծի առնչությամբ, քանի դեռ այնտեղ իր շահերին սպառնալիք չի տեսնում։ Սա ցույց է տալիս, որ Թեհրանը ստացել է համապատասխան դիվանագիտական երաշխիքներ։
– Կարո՞ղ ենք ենթադրել, որ այս բոլոր գործընթացները փոխկապակցված են։
– Համոզված։ Միջուկային բանակցությունների սառեցում–վերսկսումը և Սյունիքի հաղորդուղիների շուրջ դիրքորոշումը փոխազդեցության մեջ են։ Դիվանագիտական ուղիները բաց են՝ երբեմն միջնորդավորված, երբեմն՝ ուղղակի։ Եթե միջուկային օրակարգով ճնշումները սաստկացվեն, հնարավոր է, որ Թեհրանը սկսի սպառնալիքներ տեսնել Սյունիքի նոր նախագծերում։ Սա փոխկապակցվածության պարզ դրսևորում է։