Քաղաքապետ Տիգրան Ավինյանի հրավերով Երևանում է Դոնի Ռոստովի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը


 

Քաղաքապետ Տիգրան Ավինյանի հրավերով Երևանում է Դոնի Ռոստովի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը

  • 20-11-2025 18:30:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության հարավային մայրաքաղաք Դոնի Ռոստովի քաղաքապետ Ալեքսանդր Սկրյաբինի գլխավորած պատվիրակությանը: Երկու քաղաքների միջև տարիների ընթացքում իրականացվել են բազմաթիվ համատեղ ծրագրեր մի շարք ոլորտներում:
 
Ողջունելով գործընկերոջն ու պատվիրակության անդամներին՝ Երևանի քաղաքապետը որպես գործակցության ընդլայնման առաջնային քայլ կարևորել է հետագա համատեղ աշխատանքի հստակ առաջնահերթությունների ձևակերպումը:
 
«Վերջին տարիներին Երևանը զարգացման նկատելի առաջընթաց է արձանագրում տարբեր ոլորտներում։ Իրականացվում են մասշտաբային ենթակառուցվածքային ծրագրեր․ արդիականացվում և բարեփոխվում է հանրային տրանսպորտի համակարգը, կիրառվում են ժամանակակից թվային գործիքներ, ներդրվել է աշխարհագրական տեղեկատվական GIS միասնական համակարգը, որոնք միտված են բարելավելու կառավարման և համայնքային ծառայությունների որակը։ Միևնույն ժամանակ մենք ակտիվորեն ժամանակակից պահանջներին ենք համապատասխանեցնում կրթական և առողջապահական հաստատությունների ենթակառուցվածքները՝ մանկապարտեզներն ու պոլիկլինիկաները դարձնելով ավելի էներգաարդյունավետ, անվտանգ և կայուն»,- նշել է Տիգրան Ավինյանն ու ընդգծել, որ Երևանը բաց է գործակցության ընդլայնման համար։
 
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Դոնի Ռոստովի քաղաքապետն իր հերթին նկատել է, որ առկա է լայն դաշտ՝ գործակցության նոր ուղղություններ ընդգրկելու և համատեղ ծրագրերը թարմացնելու համար: Երկուստեք հարաբերությունների ամրապնդման ու Դոնի Ռոստովի զարգացման գործում Ալեքսանդր Սկրյաբինն առանձնակի կարևորել է հայ համայնքի մեծ ներդրումը և պատասխան այցով Երևանի քաղաքապետին հրավիրել Ռուսաստանի Դաշնության հարավային մայրաքաղաք:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն