ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը վերահաստատել է ԱՍՀՆ-ի հետ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը


 

ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը վերահաստատել է ԱՍՀՆ-ի հետ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը

  • 20-11-2025 19:06:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդին:
 
Ինչպես հայտնել են նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր՝ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքի ու արձանագրված արդյունքների վերաբերյալ․ մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել երեխաների իրավունքների պաշտպանության, հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի, ապաինստիտուցիոնալացման քաղաքականության ու սոցիալական ծառայությունների թվայնացման ուղղություններով իրականացված աշխատանքներին։
 
Նախարար Թորոսյանը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությունը՝ նշելով, որ կազմակերպության ներգրավվածությունն իր էական ներդրումն ունի ՀՀ սոցիալական պաշտպանության համակարգի զարգացման գործում։ Այս համատեքստում Արսեն Թորոսյանը խոսել է նաև անապահով ընտանիքներին տրամադրվող e-card-երի մասին՝ նշելով, որ ծրագրի շրջանակում նախատեսված հասցեական դրամական աջակցությունը տրվում է Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների կողմից իրականացված կարիքների գնահատման հիման վրա։
 
Քրիսթինե Վայգանդը ևս կարևորել է նախարարության հետ համագործակցությունը և վերահաստատել համատեղ նախատեսված աշխատանքները շարունակելու պատրաստակամությունը։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն