ԱՄՀ-Ն ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ<br /> ԿՎԱՐԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՄՀ-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԻ ՇՈՒՐՋ<br />


ԱՄՀ-Ն ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿՎԱՐԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՄՀ-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԻ ՇՈՒՐՋ

  • 17-06-2008 22:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
 ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) եւ ՀՀ նոր կառավարության միջեւ հունիսի 11-17-ին Երեւանում անցկացված քննարկումների արդյունքում հիմքեր են ստեղծվել ԱՄՀ-ի օժանդակությամբ իրականացվելիք նոր ծրագրի շուրջ սեպտեմբերին բանակցություններ վարելու համար: Այս մասին հունիսի 17-ի ասուլիսում հայտնեց ԱՄՀ-ի Միջին Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի ղեկավար Մարթա Կաստելո-Բրանկոն: Նրա խոսքերով, ԱՄՀ-ի փորձագետների վերջին այցելության արդյունքներից ելնելով` գոհացուցիչ են տնտեսական բարեփոխումների իրականացման հարցում ՀՀ կառավարության վճռականությունը, մասնավորապես, հարկային քաղաքականության եւ եւ մաքսային վարչարարության բարելավմանն ուղղված քայլերը: ԱՄՀ-ի պաշտոնյան կարեւորեց բարեփոխումների ամբողջական, եւ ոչ թե հատվածական իրականացումը: Նրա գնահատմամբ, Հայաստանի ՀՆԱ-ի աճի նախորդ տարիների երկնիշ թվերով արտահայտվող ցուցանիշները կպահպանվեն: Այս տարվա առաջին չորս ամիսներին ՀՆԱ-ի 9,3% աճը հանգեցրել է ներմուծման նկատմամբ պահանջարկի աճի (վերջինս աճել է նաեւ արտաքին մասնավոր տրանսֆերտների աճի շնորհիվ), ինչի արդյունքում մեծացել է ընթացիկ հաշվի բացասական պակասուրդը եւ նվազել են դրամի արժեւորման ճնշումները: Թեեւ ապրիլին 12-ամսյա մոտ 10%-ի հասնող կտրուկ գնաճը հիմնականում պայմանավորվել է ներմուծվող սննդամթերքի բարձր գներով, ոչ պարենային ապրանքների գները եւս աճել են` պայմանավորված նավթամթերքի միջազգային գների եւ ներքին պահանջարկի աճով: Մ.Կաստելո-Բրանկոյի կանխատեսմամբ, առաջարկի գծով արտաքին ցնցումների բացակայության պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը կնվազի եւ դեկտեմբերին կկազմի 7%: Նա նշեց, որ դրական են եղել նաեւ հարկաբյուջետային ոլորտի զարգացումները եւ ապահովվել են հատկապես ավելացված արժեքի հարկի գծով հարկահավաքման բարձր ցուցանիշներ: Ըստ ԱՄՀ-ի պաշտոնյայի, նախատեսվածից մեծ հարկային եկամուտների տնտեսման դեպքում 2008թ.-ի արդյունքներով բյուջեի պակասուրդը կարող է ծրագրվածից փոքր լինել, ինչը կարող է ծառայեցվել դրամավարկային քաղաքականությամբ գնաճային ճնշումները մեղմելու նպատակին: Մ.Կաստելո-Բրանկոյի գնահատմամբ, այդ գործում նպատակին են ծառայել ՀՀ ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումները, ինչով խստացվել է դրամավարկային քաղաքականությունը: Նշվեց, որ նման գործելաոճը պետք է շարունակվի նաեւ հետագայում:
Նոյյան տապան  -   Տնտեսություն