Արժանապատվությունը ոչ թե «հարևանի գլխին տղա բերելու», այլ նրա հետ սեփական ռեսուրսներով համաձայնության գալու մեջ է
24-11-2025 17:11:54 | | Իրավունք
1in.am Երբ «Հրապարակի» կայքում կարդացի դաշնակցական հեղինակի «երազանքը», որ ուկրաինական կարգավորման Թրամփի ծրագրի նման մի «փաստաթուղթ էլ կդրվի Նիկոլի սեղանին», տպավորություն ունեցա, որ գործ ունենք նրա ոչ այնքան ողջամիտ երազանքի հետ: Պարզվում է, սխալվել եմ: Ազգային ժողովի ՀՅԴ-ական պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայ-ադրբեջանական նախաստորագրված պայմանագիրը համեմատել է Ուկրաինայի վերաբերյալ ամերիկյան ծրագիրը և եկել եզրակացության, որ այդ փաստաթղթի «օրինակով պարզ երևում է, թե ինչպիսի կոնկրետություն կարող է ունենալ խաղաղություն անունը կրող փաստաթուղթը»:
Ի՞նչ «կոնկրետության» մասին է խոսքը, պարզ է դառնում հետագա շարադրանքից. ուկրաինական կարգավորման ամերիկյան ծրագրի իրականացման «երաշխիք» կա՝ ի դեմս ԱՄՆ նախագահի կողմից գլխավորելիք «Խաղաղության խորհրդի», իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագրի դեպքում նման մեխանիզմ չի նախատեսվում:
Սա արդեն անհատական, նույնիսկ կարելի է ասել՝ կուսակցական-դաշնակցական ընկալում չէ: Եվ ցավալի է հասկանալ, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, հանրային շրջանակներ, խմբեր և անհատներ, որ կամ չեն ըմբռնում հայ-ադրբեջանական երկկողմ պայմանավորվածությունների կարևորությունը, կամ այն ստորադասում են «միջազգային երաշխիքներին»:
Որքան էլ փորձենք կարեւորել կարգավորման սկզբունքների մշակմանն ուկրաինական կողմի մասնակցությունը, ներկայացված ծրագիրը բոլոր առումներով Ուկրաինայի մասին կամ նրա վերաբերյալ ռուս-ամերիկյան համաձայնություն է, ոչ թե Ռուսաստան-Ուկրաինա պայմանագրի նախագիծ:
Ովքեր հետևել են քառասունչօրսօրյա պատերազմին հաջորդած հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին, դեռևս 2021-2022 թվականներին են նկատել և հրապարակայնացրել, որ գլխավոր խնդիրը մեկն է՝ ապագա պայմանագիրը լինելու է հայ-ադրբեջանակա՞ն, թե՞՝ «Հայաստանի մասին» ռուս-ադրբեջանական կամ ամերիկա-ադրբեջանակա՞ն: Եթե գործընթացը զարգանար երկրորդ տարբերակով, ապա կունանայինք նաև «միջազգային երաշխիքներ», իրականում՝ Սյունիքում և հայ-ադրբեջանական սահմանին ռուսական զինված ուժերի ներկայություն:
Հայաստան-Ադրբեջան նախաստորագրված պայմանագիրը երկկողմ, միջազգային իրավունքի իրավահավասար սուբյեկտների միջև ձեռք բերված պայմանավորվածություն է, որ կողմերի համար սահմանում է նույնական իրավունքներ և պարտականություններ: Եվ այդ իրավա-քաղաքական հիմքը խաղաղության ամենագործունակ երաշխիքն է, քանի որ, կրկնեմ, փաստաթուղթը «Հայաստանի մասին չէ», Հայաստանինն է:
Եթե վաղը, տա Աստված, Ուկրաինայի համար ավելի ընդունելի մի ծրագիր մշակվի և բոլոր ներգրավված կողմերը դա ընդունեն, միևնույն է, այն կլինի ոչ թե ռուս-ուկրաինական, այլ Ուկրաինայի մասնակցությամբ «Ուկրաինայի մասին» ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Եվրամիության միջև ձեռք բերված համաձայնություն: Ինչպես ժամանակին Մերձբալթիկայի և Լեհաստանի մասին պայմանավորվել են Մոլոտովը և Ռիբենտրոպը կամ Գերմանիան բաժանվել է ԽՍՀՄ և արևմտյան դաշնակիցների միջև: Իսկ դա խնդրի լուծում չէ, այլ, ղարաբաղցու ասած՝ «ձյունով ծածկած կեղտ»:
Անշուշտ, ցավալի է, որ հայ-ադրբեջանական երկկողմ համաձայնությունը ձեռք է բերվել կամ պետք է իրավաբանորեն ամրագրվի առանց Արցախի: Բայց այդ մասին պետք է մտածվեր ժամանակին: Հայաստանի իշխանությունները և քաղաքական ուժերը, դժբախտաբար, չեն հասկացել կամ, գուցե, չեն ցանկացել հաշտվել այն մտքի հետ, որ արտաքին միջամտությամբ և «միջազգային երաշխիքներով» հնարավոր չէ հասնել Լեռնային Ղարաբաղի հայանպաստ լուծման, միակ հայանպաստն այն է, ինչին կհամաձայնի նաև Ադրբեջանը:
Քանի որ այդ մասին ասել եմ նույն պահին, կրկնեմ. նման վերջին հնարավորությունը Հայաստանը բաց է թողել 2022թ. մարտին, երբ անմիջապես չի հայտարարել, որ միանշանակորեն ընդունում է խաղաղության պայմանագրի՝ Ադրբեջանի ԱԳՆ կողմից հրապարակած «հինգ սկզբունքները»: Ժամանակը չի ներում, հրամայաբար պահանջում է, որ Հայաստանի ոչ միայն իշխանությունները, այլև քաղաքական ուժերը, հանրությունը վերջնականապես հաղթահարեն Սևրի պայմանագրի և Ուիլսոնի իրավարար վճռի «կախարդանքը»: Որպեսզի Հայաստանում այլեւս երբեք «միջազգային երաշխիքներով» հարեւան երկրների հետ «մեծախոսող» իշխանություն չձևավորվի: Ի վերջո, արժանապատվությունը ոչ թե հարևանի «գլխին տղա բերելու», այլ նրա հետ սեփական ռեսուրսներով համաձայնության հասնելու մեջ է: