Չարենցավանի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. երիտասարդը կալանավորվել է
27-11-2025 16:02:18 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Չարենցավանի հուշահամալիրի մոտակայքում հայտնաբերել, թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել օտարերկրյա քաղաքացի 23-ամյա մի երիտասարդի:
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են հերոին տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով 19 փաթեթ՝ ընդհանուր 29,09 գրամ քաշով:
Պարզվել է, որ երիտասարդը փաթեթները պետք է տեղադրեր Չարենցավան քաղաքի տարբեր հատվածներում, իսկ մի քանի փաթեթ արդեն իսկ տեղադրել էր հուշահամալիրի մոտակայքում:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ հուշահամալիրի տարածքում հայտնաբերվել է արդեն իսկ տեղադրված թմրանյութի 23 փաթեթ՝ ընդհանուր 25,25 գրամ քաշով:
23-ամյա երիտասարդը կալանավորվել է: Կատարվում է նախաքննություն: