Պուտին․ «ՀԱՊԿ հավաքներին չմասնակցելը Երևանի ընտրությունն է»


 

Պուտին․ «ՀԱՊԿ հավաքներին չմասնակցելը Երևանի ընտրությունն է»

  • 27-11-2025 18:24:12   | Ուզբեկստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

azatutyun.am «ՀԱՊԿ հավաքներին չմասնակցելը Երևանի ընտրությունն է, որը մենք հարգում ենք», - այսօր Բիշքեկում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
 
«Հայաստանի դիրքորոշումը հայտնի է։ Մեր հայ գործընկերներն ասում են. - «Մենք պաշտպանում ենք այն բոլոր որոշումները, որ կայացվում են ՀԱՊԿ կողմից, մենք մեզ համարում ենք դաշինքի անդամ, բայց այս փուլում ձեռնպահ ենք մնում կազմակերպության նիստերին մասնակցելուց», - ասել է Պուտինը։
 
«Դա Հայաստանի ընտրությունն է։ Եթե նրանք համարում են, որ առայժմ կարելի է այդպես աշխատել, ապա մենք համաձայն ենք», - նշել է Ռուսաստանի նախագահը:
 
Հայաստանը չի մասնակցում Ղրղըզստանի մայրաքաղաքում անցկացվող ՀԱՊԿ գագաթնաժողովին:
 
Վերջին տարիներին ՀԱՊԿ-ի հետ կազմակերպության անդամ Հայաստանի հարաբերությունները սրված են՝ հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ պետության դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։
 
Հայաստանը վերջին երկու տարին հիմնականում չի մասնակցում ՀԱՊԿ միջոցառումներին:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը