Մակրոնը հայտարարել է 10-ամսյա կամավոր զինվորական ծառայություն սահմանելու մասին
27-11-2025 18:43:38 | Ֆրանսիա | Ի՞նչ է գրում մամուլը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է երկրում երիտասարդների համար կամավոր զինվորական ծառայություն սահմանելու մասին՝ Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պատճառով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France24 պարբերականը:Մակրոնի խոսքով՝ կամավորները, որոնց մեծ մասը՝ 80%-ը, կլինեն 18-19 տարեկան, կսկսեն ծառայությունը հաջորդ ամառվանից՝ 10 ամիս ժամկետով։
Մնացած մասը կկազմեն մինչև 25 տարեկան երիտասարդները, որոնք պետք է ունենան հատուկ հմտություններ, օրինակ՝ լինեն ինժեներներ։ Կամավորները կծառայեն բացառապես Ֆրանսիայում և նրա անդրծովյան տարածքներում։
Մինչև 2035 թվականը նախատեսվում է տարեկան զինվորագրվածների թիվը հասցնել 50 000-ի։ Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան նպատակ ունի 2027 թվականին երկրի տարեկան պաշտպանական ծախսերը հասցնել 64 միլիարդ եվրոյի։
Երբ 2017 թվականին Մակրոնը ստանձնեց նախագահի պաշտոնը, պաշտպանական ծախսերը երկու անգամ պակաս էին՝ 32 միլիարդ եվրո։