Ալիևը հատուկ ներկայացուցչին գործուղել է Անկարա, երբ նույն օրը Թուրքիայի Անվտանգության խորհուրդը քննարկել է հայ-թուրքական «համագործակցության հնարավորությունները»


 

Ալիևը հատուկ ներկայացուցչին գործուղել է Անկարա, երբ նույն օրը Թուրքիայի Անվտանգության խորհուրդը քննարկել է հայ-թուրքական «համագործակցության հնարավորությունները»

  • 27-11-2025 19:55:10   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

1in.am Նոյեմբերի 26-ին Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ գումարվել է Անվտանգության խորհրդի նիստ, որի արդյունքներով Թուրքիայի նախագահի գրասենյակի հանրային կապերի վարչությունը տարածել է գրավոր հաղորդագրություն: Այդ մասին հայտնել է «Անադոլու» գործակալությունը: Քննարկվել են Գազայի, ռուս-ուկրաինական կարգավորման գործընթացի, Սուդանում իրավիճակի, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված հարցեր:
 
«Թուրքիայի Անվտանգության խորհրդի նիստում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում վերջերս տեղի ունեցած դրական իրադարձությունների լույսի ներքո դիտարկվել են երկկողմ և տարածաշրջանային մակարդակում համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև հաստատվել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը և զարգացման ապահոմանը թուրքական կողմի հավատարմությունը», ասված է պաշտոնական հաղորդագրության տեքստում:
 
Որքանով հասկացվում է մեջբերված բավական մանվածապատ ձևակերպումներից, Թուրքիայի Անվտանգության խորհրդում քննարկվել է Հայաստանի հետ երկկողմ և տարածաշրջանային մակարդակում համագործակցության հնարավորությունը, բայց այն դիտարկվել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում վերջերս տեղի ունեցած դրական իրադարձությունների հետ կապակցվածության համատեքստում:
 
Նույն օրը, ինչպես հայտնի է դարձել Անկարայում Ադրբեջանի դեսպանատան սոցիալական X հարթակում գրառումից, Թուրքիայի մայրաքաղաքում է գտնվել հատուկ հանձնարարություններով Իլհամ Ալիևի ներկայացուցիչ Խալափովը: Վերջինս երկար տարիներ զբաղեցրել է Ադրբեջանի փոխարտգործնախարարի պաշտոնը: Ըստ Անկարայում Ադրբեջանի դեսպանատան հաղորդագրության, նոյեմբերի 26-ին Խալափովին ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Բերիս Էքինջին: Հանդիպմանը քննարկվել են թուրք-ադրբեջանական ռազմավարական գործընկերության ընթացիկ վիճակը, տարածաշրջանային գործընթացները և երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման հարցերը:
 
Արդյոք պատահակա՞ն է, որ Ալիևի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչն Անկարա է գործուղվել Թուրքիայի Անվտանգության խորհրդի նիստի օրը, երբ քննարկվել է Հայաստանի հետ երկկողմ համագործակցության հնարավորությունը և ընդգծվել հայ-ադրբեջանական կարգավորման վերջին դրական իրադարձությունները: Խիստ ուշագրավ է, որ Ալիևի հատուկ բանագնացն արժանացել է միայն Թուրքիայի փոխարտգործնախարարի ընդունելությանը, իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ն կամ նախագահի աշխատակազմը Խալափովի Անկարա այցի մասին տեղեկություն չեն տարածել:
 
Անշուշտ, բացառված չէ, որ Խալափովը Թուրքիա է գործուղվել այնպիսի դելիկատ առաքելությամբ, որի մասին կողմերը նպատակահարմար են գտել բուն իրողությունից ուշադրություն շեղող տեղեկություն տարածել Անկարայում Ադրբեջանի դեսպանատան սոցցանցային գրառումով: Գուցե Խալափովը հանդիպումներ է ունեցել թուրք ավելի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այդ թվում նաև՝ նախագահի աշխատակազմում: Այդ դեպքում պետք է ենթադրել, որ Ալիևը ևս մեկ փորձ է արել՝ կանխելու հայ-թուրքական կարգավորման ուղղությամբ Անկարայի որևէ գործնական քայլ:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը