Անահիտ Մանասյանը Գեղագիտության ազգային կենտրոնի «Փոքր թատրոնում» ներկա է գտնվել «Մարի» ներկայացմանը


 

Անահիտ Մանասյանը Գեղագիտության ազգային կենտրոնի «Փոքր թատրոնում» ներկա է գտնվել «Մարի» ներկայացմանը

  • 29-11-2025 14:38:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» ծրագրի շրջանակում, նոյեմբերի 25-ին Գեղագիտության ազգային կենտրոնի «Փոքր թատրոնում» ներկա է գտնվել «Մարի» ներկայացմանը։ Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։
 
«Հովհաննես Թումանյանի «Մարո» ստեղծագործության մոտիվներով բեմադրված «Մարի» ներկայացումը պատմում է Հայաստանում գենդերային բռնության իրական դեպքերի մասին՝ բացահայտելով այն համակարգային խնդիրները, որոնք առկա են ոլորտում:
 
Այն անդրադառնում է ընտանեկան, հոգեբանական, տնտեսական, սեռական բռնությունների, վաղ ամուսնությունների, դրանց արձագանքմանն առնչվող և կանանց աշխատանքային իրավունքներին առնչվող մի շարք խնդիրների:
 
Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացման ավարտին հանդես է եկել խոսքով և ընդգծել հանդուրժող, համերաշխ և ապրումակցող միջավայր ունենալու կարևորությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգ ունենալու և բռնության կանխարգելման տեսանկյունից:
 
«Ներկայացումն ամբողջությամբ նկարագրում էր բոլոր այն խնդիրները, որոնք այսօր ևս արդիական են։ Այդ առումով լրացուցիչ խոսք ասելու կարիք չեմ տեսնում: Այն ամենն, ինչը նկարագրվում է ներկայացման շրջանակներում, ցավոք, իրականություն է, և դրա դեմ պետք է պայքարել: Չափազանց կարևոր է, նաև, որպեսզի բռնության զոհ դարձած յուրաքանչյուր մարդ զգա, որ ինքը մենակ չէ, և այդ առումով մենք մեծ անելիք ունենք»,- ասել է Անահիտ Մանասյանը։
 
Միջոցառումն իրականացվել է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» և «Իրավունքի կենտրոն» ՀԿ-ների համագործակցությամբ՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ»:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն