Էկոպարեկային ծառայության պետը և միջազգային գործընկերները քննարկել են կարիքների շարունակական գնահատմանը վերաբերող հարցեր


 

Էկոպարեկային ծառայության պետը և միջազգային գործընկերները քննարկել են կարիքների շարունակական գնահատմանը վերաբերող հարցեր

  • 29-11-2025 15:07:28   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանն այսօր ընդունել է «Կենսաբազմազանություն և կայուն տեղական զարգացում Հայաստանում» ծրագրի «Կենսաբազմազանություն և բնության հատուկ պահպանվող տարածքներ» բաղադրիչի ներկայացուցիչներին՝ բաղադրիչի թիմի ղեկավար Կարեն Մանվելյանին, ծրագրի բաղադրիչի գլխավոր տեխնիկական խորհրդատու Գևին Բելլին, PROPARK ARII PROTEJATE SRL (Բրասով, Ռումինիա) կազմակերպության նախագահ Էրիկա Վաիդա-Բելային, ծրագրի փորձագետ, կենսաբան Մառա Բուլեային։
 
Հանդիպում-քննարկմանը մասնակցել են Ծառայության գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանը և պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների ռիսկերի կառավարման վարչության պետ Սևակ Մարկոսյանը։
 
Ողջունելով ներկաներին՝ Վլադիմիր Կիրակոսյանը նշել է, որ մշտապես կարևորում է միջազգային գործընկերների հետ համագործակցությունը և վստահ է, դրա արդյունքում անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության իրականացման արդյունավետությունը բարձրանում է։
 
Միջազգային գործընկերները ևս կարևորել են համատեղ ջանքերը՝ ուղղված բնության պահպանությանը։
Անդրադառնալով իրենց՝ Ծառայության Սյունիքի մարզային վարչություն կատարած այցերին՝ միջազգային գործընկերները նշեցին, որ այդ այցերի շնորհիվ կարողացել են գույքագրել պահպանության իրականացման այն բաղադրիչները, որոնք իրենց դիտարկմամբ առավել լավարկման կարիք ունեն։
 
Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև էկոպարեկային ծառայության՝ որպես ազգային ռենջերական կառույց լինելու կարևորությանը, ինչպես նաև նրա հիմնական առաքելությանը՝ կանխարգելել և դադարեցնել անօրինական գործողությունները և բնապահպանական հանցագործությունները, նվազեցնել մարդածին ճնշումները բնության նկատմամբ, բարձրացնել համայնքների իրազեկվածության մակարդակը։
 
Հանդիպմանը կարևորվեցին նաև կարիքների շարունակական գնահատմանը, փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր։
 
Վլադիմիր Կիրակոսյանը, անդրադառնալով էկոպարեկային ծառայության աշխատակիցների գիտելիքների շարունակական կատարելագործմանը, ընդգծեց, որ կարևորում է միջազգային գործընկերների կողմից առաջարկվող վերապատրաստումների ծրագրերը։
 
Կիրակոսյանը նաև շեշտեց, որ էկոպարեկային ծառայության կարևորագույն գործառույթը բնության հատուկ պահպանվող տարածքներում և անտառներում ապօրինությունների կանխումն ու կանխարգելումն է։ «Իրապես կարևոր է պատրաստված, գրագետ և բանիմաց ծառայողների դերը մեր գործառույթների իրականացման գործում։ Էկոպարեկային ծառայության աշխատակիցները ոչ միայն պետք է բացահայտեն ապօրինությունները, այլ ամեն բան անեն, որ կանխվեն դրանք»,- նշեց նա՝ հավելելով, որ կարևորում է նաև ժամանակակից գործիքակազմի ներդրումը անտառների պահպանության արդյունավետությունը բարձրացնելու համար։
 
Ծառայության ղեկավարը նաև նշեց, որ էկոպարեկային ծառայության գործարկումից ի վեր մշտապես արվում է ամեն բան, որ Ծառայությունը շարունակաբար կատարելագործվի և առավել արդյունավետ և ազգաբնակչության համար առավել գրավիչ դառնա։
 
«Մենք ավելացրել են կրտսեր էկոպարեկի հաստիքների թվաքանակը, որոշակի վերանայումներ և փոփոխություններ ենք արել «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքում»,- ասաց Կիրակոսյանը։
 
Նա նաև ընդգծեց, որ Էկոպարեկային ծառայությունը շահագրգռված է բնապահպանական ծրագրերի տրամաբանական և արդյունավետ շարունակությամբ, քանի որ դրանց իրականացման արդյունքում ոլորտում բազմաթիվ խնդիրներ լուծումներ կստանան՝ ի նպաստ անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների արդյունավետ պահպանության։
 
Միջազգային գործընկերները ծանոթացել են նաև Էկոպարեկային ծառայության կենտրոնական ապարատի, մարզային վարչությունների գործունեությունն ապահովող համապատասխան կահավորանքին և գործիքակազմին, ինչպես նաև՝ օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատանքներին:
 
Էկոպարեկային ծառայություն
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն