01-12-2025 17:00:31 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
1in.am Հայ առաքելական եկեղեցու շուրջ իրավիճակի գնահատման հարցում գլխավոր հարցադրումը, կարծես, մեկն է, նա, որպես կառույց, քաղաքականությամբ զբաղվելու իրավունք ունի՞: Մայր աթոռի դիրքորոշման կողմնակիցներն այս հարցին դրական են պատասխանում և վկայակոչում դեռևս 1991թ.-ին ընդունված «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների» մասին օրենքի հոդված 18-ը, որի իմաստով «պետությունը կրոնական կազմակերպությունների անդամներին և հոգևոր սպասավորներին հասարակական-քաղաքական կյանքին մասնակցելու իրավունք է վերապահում»:
Նախ, այդ օրենքը Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող մասով այլևս գործող չէ: 2005թ. սահմանադրական փոփոխությունից, որով ճանաչվել է ՀԱԵ բացառիկ առաքելությունը, 2007-ի մարտի 17 –ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրել է եկեղեցու և պետության հարաբերությունները կարգավորող օրենք, որով պետությունը եկեղեցուն մասնակի գործառույթներ է վերապահում բացառապես կրթության ոլորտում:
Ինչ վերաբերում է «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքին, ապա հոդված 17-ը միանշանակորեն սահմանում է, որ «պետությունը եկեղեցուն արգելում է մասնակցել պետական կառավարմանը, կրոնական կազմակերպությունների վրա որևէ պետական ֆունկցիա չի դնում»:
Փաստացի օրենքի այս դրույթը եկեղեցուն արգելում է զբաղվել քաղաքական գործունեությամբ: Ակնհայտ իրողություն է, որ քաղաքական գործունեությունը երկրի պետական կառավարման լծակների տիրապետման հասնելու կամ առնվազն պետական կառավարմանը մասնակից լինելու նպատակ է հետապնդում: Եվ եթե պետությունը եկեղեցուն արգելու է մասնակցել պետական կառավարմանը, պարզորոշ հետևում է, որ դա նաև քաղաքականությամբ զբաղվելու արգելք է:
Այսպիսով, սահմանադրության և գործող օրենքների իմաստով ՀՀ –ում Հայ առաքելական եկեղեցին քաղաքականությամբ զբաղվելու, քաղաքական գործունեություն իրականացնելու, քաղաքական նպատակներ առաջադրելու իրավունք չունի: «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքը նրան բացառության կարգով, ի տարբերություն կրոնական մյուս կազմակերպությունների, արտոնում է ազատորեն քարոզել իր դավանանքը, վերականգնել թեմերը, կառուցել եկեղեցիներ, զբաղվել բարեգործությամբ, աջակցել հայ ժողովրդի բարոյական վերածննդին:
Սա է եկեղեցու գործունեության՝ օրենքով սահմանված շրջանակը: Ի վերջո, սահմանադրությունը ՀԱԵ բացառիկ դերը ճանաչում է, բայց՝ ոչ պետականության պահպանման, այլ միայն հայ ժողովրդի հոգեւոր-մշակութային ժառանգության պահպանման և զարգացմանը նպաստելու առումով: