Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսները կաթողիկոսին առաջարկել են դադարեցնել «անհնազանդ առաջնորդների պաշտոնավարումը»


 

Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսները կաթողիկոսին առաջարկել են դադարեցնել «անհնազանդ առաջնորդների պաշտոնավարումը»

  • 01-12-2025 19:19:03   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 azatutyun.am Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսները Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն խնդրում և առաջարկում են դադարեցնել «հերձվածող և անհնազանդ առաջնորդների պաշտոնավարումը»: Այս մասին ասված է սրբազանների տարածած հայտարարության մեջ, որն արվել է ի պատասխան վարչապետի հետ ավելի վաղ հանդիպած ու կաթողիկոսի հրաժարականը պահանջած բարձրաստիճան հոգևորականների հայտարարությունների:
 
Միքայել Աջապահյանն ու Բագրատ Գալստանյանն առաջարկում են վեհափառին անմիջապես նոր առաջնորդներ նշանակել տվյալ թեմերում, հրավիրել եպիսկոպոսաց ժողով, ապա գումարել Ազգային եկեղեցական ժողով։
 
Հայ առաքելական եկեղեցու մի խումբ հոգևորականներ 2 օր առաջ նոր հայտարարություն էին տարածել, որով կոչ են անում վեհափառին կամովին հանգստյան գնալ:
 
«Մենք ակնկալում ենք, որ Գարեգին Բ Կաթողիկոսը, ի սեր մեր եկեղեցու և մեր ժողովրդի, սթափ կգնահատի ստեղծված իրավիճակը, չի տանի մեր ազգն ու մեր Եկեղեցին ավելորդ ցնցումների, կամովին հանգստյան կկոչվի և այդ կերպ հնարավոր կլինի նոր ընտրություններ կազմակերպելու», - նշված է հայտարարությունում, որը հրապարակվել է վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ում:
 
Այս հայտարարությունը տարածող 10 արքեպիսկոպոսներից ու եպիսկոպոսներից 8-ին օրերս ընդունել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
Միքայել ու Բագրատ սրբազանները քննադատել ու դատապարտել են այս քայլերը՝ այդ հոգևորականներին ճանաչելով «խորթ և օտար»:
 
«Կատարվածը վերին աստիճանի նենգ և տիրադավ դավաճանություն է՝ դավադրաբար և ստորաբար, ինչը խորշելի է անգամ աշխարհականների, էլ ուր մնաց բարձրաստիճան հոգևորականների պարագայում։ Նրանցից յուրաքանչյուրը մեր աչքերի առջեւ և ներկայությամբ առիթը և հնարավորությունը չի փախցրել քծնելու և շողոքորթելու Վեհափառ Հայրապետին», - ասված է հայտարարության մեջ, որը տարածել է Աջապահյանի առաջնորդած Շիրակի թեմը:
 
Նրանք դիմել են նաև տվյալ թեմերի քահանաներին՝ հորդորելով հավատարմություն հայտնել Գարեգին Երկրորդին:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը