Հայաստանի Հանրապետությունը ոչ մեկի գրպանում չէ. Նիկոլ Փաշինյան
03-12-2025 19:30:35 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հայաստանի Հանրապետությունն ունի լրջագույն ձեռքբերում՝ ոչ ոքի գրպանում չէ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման համոզմունք է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի՝ Ղարաբաղի հարցի վերաբերյալ հարցին:
«Ինտուիտիվ սկսել ենք ինֆորմացիան ստանալ, մշակել, ստանալ, մշակել՝ մինչև այն կետը, որ հասկացել ենք՝ սա Ղարաբաղի հարցի մասին չէ, Ղարաբաղի հարց չկա, Ղարաբաղի հարցը լուծված է, հիմա հարցն է, թե Հայաստանն ում գրպանում պետք է լինի: Եվ մենք այսօր ունենք լրջագույն պատմական ձեռքբերում՝ Հայաստանի Հանրապետությունը ոչ մեկի գրպանում չէ: ՀՀ-ն պետություն է, քան երբևէ, անկախ է, քան երբևէ, ինքնիշխան է, քան երբևէ»,-ասել է Փաշինյանը:
Նա հիշեցրել է՝ իրենց ուժը 2018-ին ասել է, որ իր ռազմավարական խնդիրը պետության հարատևությունն ապահովելն է, և մինչև այսօր գնացել են, գնում են այդ ճանապարհով:
«Եվ այս ճանապարհին հասել ենք որոշակի պոզիտիվ հանգրվանի: Հետահայաց ասում եմ, որ ուրիշ ճանապարհ ուղղակի չկար, Հայաստանի պետության համար հեռանկար բացելու ուրիշ ճանապարհ պարզապես չկար»,-նշել է վարչապետը: