Ադրբեջանն ակնկալում է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել 2026 թվականին
05-12-2025 12:09:52 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա 2026 թվականին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ժնևում լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը:
«Սա պատմական տարի է. 30 տարվա հակամարտությունը վերջապես ավարտվեց, և մենք մոտ ենք խաղաղության ձևակերպմանը: Վաշինգտոնում օգոստոսյան գագաթնաժողովը թույլ տվեց հաստատել երկու կողմերի մտադրությունը՝ հավատարիմ մնալ խաղաղության համաձայնագրին, բոլոր երկրների համատեղ ցանկությունը՝ շրջել էջը և տարածաշրջանային զարգացման նոր գլուխ սկսել:
Մենք վերջնականացրել ենք խաղաղության համաձայնագիրը: Հաջորդ տարին նույնպես կարևոր է. մենք հույս ունենք պաշտոնականացնել խաղաղության համաձայնագիրը Հայաստանի հետ», - պաշտոնյայի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Իր հերթին Ադրբեջանի արտգործնախարարը Վիեննայում անցկացվող ԵԱՀԿ նախարարական խորհրդի 32-րդ նիստում հայտարարել էր, որ Հայաստանը և Ադրբեջանը ներկայում գտնվում են երկկողմ հարաբերությունների ամենախաղաղ և կայուն փուլում։