Ալիևը կրկին խոսել է «Արևմտյան Ադրբեջան» ադրբեջանցիների վերադարձի մասին


 

Ալիևը կրկին խոսել է «Արևմտյան Ադրբեջան» ադրբեջանցիների վերադարձի մասին

  • 05-12-2025 13:59:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. «Այսօր կարևոր է ակտիվացնել ջանքերը՝ ապահովելու Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների վերադարձը։ Ի վերջո, վերադարձի իրավունքը մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներից մեկն է», - Բաքվում անցկացվող «Մշակութային ժառանգություն և վերադարձի իրավունք» միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ հավելելով․ «Այս իրավունքի ապահովումը նշանակում է ոչ միայն ֆիզիկական վերադարձ հայրենիք, այլև հոգևոր ամբողջականության, մշակութային ժառանգության և հասարակության պատմական հիշողության վերականգնում»։
 
Ըստ ադրբեջանական APA գործակալության, Ալիևը Հայաստանին մեղադրել է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան»-ի տարածքում ադրբեջանցիների հարուստ նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու մեջ։ «Հայաստանը պարբերաբար ոչնչացրել է Արևմտյան Ադրբեջանում բնակվող ադրբեջանցիների հարուստ նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությունը, նրանց սրբավայրերն ու գերեզմանոցները՝ ադրբեջանական ժողովրդի հետքը իր տարածքից ջնջելու նպատակով։ Չափազանց կարևոր է ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ միջազգային իրավունքի հարթությունում գնահատելու հայերի կողմից ադրբեջանցիների նկատմամբ կատարված մարդկության դեմ հանցագործությունները և այս հարցում ստանալ միջազգային հանրության աջակցությունը», - նշված է նախագահի ուղերձում։
 
Ըստ Ալիևի՝ ադրբեջանական մշակութային ժառանգության վերականգնումը և պաշտպանությունը Հայաստանում անհրաժեշտ է թշնամանքի էջը փակելու և ժողովուրդների միջև փոխըմբռնման հասնելու համար։
 
Երևանից ամենաբարձր մակարդակով բազմիցս հայտարարել են, որ չկա և չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան» Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, և այս հարցով քննարկումը բացառված է։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը