Շիրակի թեմի 29 հոգևորական հրաժարվում է զեղչել կաթողիկոսի անունը պատարագից


 

Շիրակի թեմի 29 հոգևորական հրաժարվում է զեղչել կաթողիկոսի անունը պատարագից

  • 06-12-2025 13:25:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Շիրակի թեմի 29 հոգևորական իր աջակցությունն է հայտնել Սուրբ Էջմիածնին, Ամենայն Հայոց կաթողիկոսին, շեշտել, որ պատարագ մատուցելիս չեն շեղվելու կանոններից՝ հիշատակելու են Գարեգին Բ-ի և թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոսի անունները:
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը՝ դեկտեմբերի 7-ին, հենց Շիրակում՝ Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում է մասնակցելու պատարագի: Ավելի վաղ նրա ներկայությամբ տարբեր եկեղեցիներում պատարագները մատուցող հոգևորականները զեղչում էին Գարեգին Երկրորդ վեհափառի անունը:
 
Շիրակի թեմի հոգևորականները նշել են, որ եթե իրենցից բացի որևէ մեկը այստեղ պատարագ մատուցի, կնշանակի՝ առաջնորդանիստը բռնազավթված է, որով խոչընդոտվում է Եկեղեցու Շիրակի թեմի օրինական գործունեությունը, ինչպես նաև իրավասու հոգևորականի կողմից մատուցումը:
 
«Յոթ Վերքը հաղթահարել է թուրքական երկու օկուպացիա, սա՛ էլ կհաղթահարվի պատվով», - ասված է նրանց հայտարարության մեջ:
 
Վարչապետը ավելի վաղ հաստատել էր՝ պատարագների գնում է պայմանով, որ այնտեղ վեհափառի անունը չհնչի, իսկ այդ հարցը կարգավորելու գործին կարող է խառնվել նաև Ազգային անվտանգության ծառայությունը: Ըստ Փաշինյանի, բնական բան է՝ քահանային ճանաչող մարդիկ՝ բարեկամ, ԱԱԾ-ական, ճշտումներ են անում:
 
Շիրակի թեմում, սակայն, երեկվա դրությամբ չէր գտնվել մի քահանա՝ 24-ից, որ կհամաձայներ այս կիրակի պատարագից չեզոքացնել Ամենայն Հայոց կաթողիկոսի ու թեմի բանտարկված առաջնորդի անունները:
 
Ավելի ուշ հայտարարությամբ հանդես եկավ նաև Գուգարաց թեմը՝ իր աջակցությունը հայտնելով վեհափառ հայրապետին:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը