Արսեն Թորոսյանը հերքել է կենսաթոշակային տարիքը բարձրացնելու մասին տեղեկությունը
09-12-2025 14:50:18 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հերքել է փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանի հնչեցրած հայտարարությունը, թե իբր կառավարությունը մտադիր է բարձրացնել կենսաթոշակային տարիքը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարն այս մասին գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։ «Հերթական նորաթուխ «փորձագետը» արդեն ավանդական դարձած հիբրիդային հարձակումների շրջանակներում livenews-ի եթերում հերթական սուտն է հրամցնում հասարակությանը, թե իբր մենք պատրաստվում ենք բարձրացնել կենսաթոշակային տարիքը։
Ու դա անում է դեմքի այնպիսի լրջությամբ, իր կողմից հորինված փաստարկների այնպիսի գերդոզավորմամբ, որ սկսում ես զարմանալ վերջինիս դերասանական հմտությունների վրա:Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս օրերս Կառավարության նիստի ընթացքում անդրադարձավ այս թեմային՝ հստակ նշելով, որ նման հարց չի քննարկվում:
Չեմ զլանա նորից ասել` սա հերթական անամոթ սուտն է` օրը ցերեկով»,-շեշտել է նախարարը։Հայաստանում տարիքային կենսաթոշակի իրավունք ունեն 63 տարեկան դարձած և առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձինք:
Ծերության նպաստի իրավունք ունի կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող անձը՝ 65 տարին լրանալու դեպքում: