Ինչպես ընդունված է ասել՝ «Լավին՝ լավ, վատին՝ վատ»


 

Ինչպես ընդունված է ասել՝ «Լավին՝ լավ, վատին՝ վատ»

  • 09-12-2025 15:11:43   | Հայաստան  |  Հասարակություն

 
Շնորհակալ եմ.  ՀՀ ներքին գործերի նախարար՝ Արփինե  Սարգսյանին,ՆԳՆ ոստիկանության պետ,ներքին գործերի նախարարի տեղակալ՝Արամ Ղազարյանին,ՆԳՆ ոստիկանության հատկապես կարևոր գործերի տեսուչ՝ Անդրանիկ Ավագյանին՝ արագ արձագանքելու,խնդրո առարկայի նկատմամբ բարձր գիտակցություն և պրոֆեսիոնալիզմ ցուցաբերելու  համար:
 
Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննության առնվող 25-ամյա որդուս՝ Արտյոմ Ադանալյանի սպանության գործի քննությունն օրեր առաջ  թևակոխեց 12-րդ տարին և մինչև օրս դատապարտված անձինք չկան:Քրեական գործում առկա նյութերի համաձայն՝ Արտյոմի սպանությունը պատվիրված է,իրականացված խմբի կողմից:Գործով միակ մեղադրյալ, Գյումրի քաղաքի բնակիչ Արթուր  Սաշայի Մարտիրոսյանը գրավի դիմաց ազատության մեջ է և  վերջինին  այս պահի դրությամբ մեղսագրված արարքի համար՝ՀՀ քրեական օրենսգիրքը  15-տարվա ազատազրկում է նախատեսում,մինչդեռ սահմանված 15-տարուց  դատարանն արդեն  իսկ սպառել է 12-տարին,իսկ  պարզ թվաբանական հաշվարկով՝ վերջինին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանալուն մնացել է ընդամենը- 3 տարի:
 
Գործով շահագրգիռ պետական պաշտոնատար անձինք, մասնավորապս՝ ՀՀ  գլխավոր դատախազությունը, Շիրակի մարզի  հերթական դատախազները  դեպքի առաջին իսկ օրվանից՝ մինչև այս պահն իրար փոխլրացնելով  ենթադրաբար կոծկել  և կոծկում են Արտյոմի սպանության իրական շարժառիթն ու հանցավոր խմբին,դեմ գնալով  ոչ միայն  ՀՀ Սահմանադրությանն ու  բոլոր օրենքներին, այլ  նաև  մարդկային բարոյական նորմերին ՝ ճաշակելով  տակավին երիտասարդ տղայիս  արյան գինը: 
 
Ներկա պահին դատարանը հերթական անգամ գտնվում է վկաների հարցաքննության փուլում, վկաներից ոմանք երկրից բացակայում են,ոմանք էլ թաքնվում են դատարանից:Չնայած այն հանգամանքին,որ դատարանը  քանիցս կայացրել է վկաներին բերման ենթարկելու մասին որոշումներ, այնուհանդերձ վերջիններն ամիսներով  չեն հայտնաբերվում,ինչն ակնհայտորեն  կարող է նաև  գործով  շահագրգիռ կողմերի ինքնանպատակ միջամտությամբ պայմանավորված լինել, առավել ևս,երբ արձանագրվել են դատական նիստերը ձևական առումով  կայացած լինելու մասին, սակայն բովանդակային առումով՝ գործն ըստ էության քննության չի առնվել,նիստերը հետաձգվել են: 
 
 Դատարանին աջակցելու նպատակով և գիտակցելով նաև վկաների մասնակցությունը չապահովելու  պատճառով դատական նիստերը ձգձգելու միտումը՝ գրավոր դիմում է հասցեագրվել ՀՀ ներքին գործերի նախարար՝ Արփինե Սարգսյանին: Հաշված օրերի ընթացքում՝ տևական ժամանակ չհայտնաբերված,դեպքին ուղղակի վկա՝ Մանվել Նիկոլյանը ,դեպքից անմիջապես հետո ընկած ժամանակահատվածում ուղղակի վկա՝ Գրիգոր Մկրտչյանը  հայտնաբերվել ,պատշաճ հսկողությամբ դատարան են ներկայացվել և ոչ միայն հնարավորություն է ստեղծվել  հարցաքննելու վերջիններին,այլ նաև՝ կանխվել է վատնելու և արդյունավետ օգտագործելու դատաքննության մնացած  ժամանակը:
 
Առաջին հայացքից կարող է թվալ  միայն որպես ծառայողական պարտականությունների կատարում, բայց փաստենք, որ ինչպես նախկինում,առավել ևս այսօր՝ իրավապահ համակարգի վերադասից մինչև շարքային ծառայողը կարող են նաև չկատարել իրենց  ծառայողական պարտակությունները՝ մատնել  հանցավոր անգործության,կամ դրանք ծառայեցնել պետական շահերին հակառակ, ավելին՝ ներքաշվել պաշտոնեական  այլ հանցագործությունների մեջ և մնալ անպատիժ:
 
Ինչպես ընդունված է ասել՝ «Լավին՝ լավ, վատին՝ վատ»: 
 
«Թիվ ՇԴ2/0037/01/15» քրեական գործով տուժող՝
 
 Ռուզան Ադանալյան
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն