Ալեն Սիմոնյանի ելույթը «Էթիկական չափորոշիչներն իրավահավասարության եւ հակախտրականության երաշխավորման ոլորտում» միջազգային համաժողովում
10-12-2025 13:42:21 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի եւ Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից կազմակերպված «Էթիկական չափորոշիչները իրավահավասարության եւ հակախտրականության երաշխավորման ոլորտում» միջազգային համաժողովին եւ հանդես եկել ելույթով:
Նախ շնորհավորում եմ մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ: Դեկտեմբերի 10-ը բոլորիս հիշեցնում է այն հիմնական արժեքների պաշտպանության մասին, որոնց վրա կառուցվում է ժամանակակից ժողովրդավարական հասարակությունը՝ մարդկային արժանապատվություն, ազատություններ, հավասարություն: Պետք է արձանագրենք, որ մարդու իրավունքների պաշտպանությունը ոչ միայն պետության պարտականությունն է, այլեւ հանրային համերաշխության հատուկ բաղադրիչը:
Ազգային ժողովը, որպես ժողովրդավարական պետության բարձրագույն օրենսդիր մարմին, կարեւոր առաքելություն ունի մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Մենք շարունակում ենք հետեւողականորեն կատարելագործել մարդու իրավունքների ոլորտին առնչվող օրենսդրությունը:
Բացի այդ, պարտավոր ենք երաշխավորել, որ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ առանձնահատկություններից, հնարավորություն ունենա լիարժեք օգտվելու իր իրավունքներից ու ազատություններից:
Այս համատեքստում ուզում եմ արձանագրել, որ «Իրավահավասարության ապահովման եւ խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագիծը գտնվում է ակտիվ քննարկման փուլում: Օրենքի ընդունումից հետո վերոնշյալ գործառույթները վերապահվելու են հենց Մարդու իրավունքների պաշտպանին, ինչը էապես կընդլայնի ՄԻՊ-ի գործառույթները ու հնարավորություն կտա առավել համակարգված արձագանքել անհավասարության դեպքերին:
Նշվածը, սակայն, միայն մի մարմնի աշխատանք չէ: Այն պահանջում է համատեղ գործունեություն` ինչպես քաղաքացիական հասարակության ու միջազգային կառույցների, այնպես էլ պետական մարմինների մասնակցությամբ:
Մենք պատրաստ ենք շարունակել բարեփոխումների ուղին՝ ամրապնդելով էթիկական չափորոշիչները եւ առավել հստակ մեխանիզմներ սահմանել իրավահավասարության ապահովման համար:
Կոչ եմ անում բոլոր դերակատարներին՝ շարունակել համատեղ ջանքերը՝ կառուցելու հարգանքի, ներառականության եւ արդարության վրա հիմնված հասարակություն եւ պետություն: Այդ ճանապարհին մենք ունենք մեկ ընդհանուր նպատակ՝ դարձնել Հայաստանը այնպիսի երկիր, որտեղ մարդու իրավունքները ամբողջությամբ պաշտպանված կլինեն՝ երբեք ու որեւէ պարագայում կասկածի տակ չդրվելու երաշխիքով: