Պետք է գոնե 1 գործատուի մոտ մարդու աշխատավարձը 200 000 դրամից ավելի լինի, որպեսզի 2026-ին ընդգրկվի ապահովագրության մեջ. Ավանեսյան


 

Պետք է գոնե 1 գործատուի մոտ մարդու աշխատավարձը 200 000 դրամից ավելի լինի, որպեսզի 2026-ին ընդգրկվի ապահովագրության մեջ. Ավանեսյան

  • 11-12-2025 13:47:02   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Մենք «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» նախնական նախագծում մտածում էինք ունենալ հնարավորություն, որ մի քանի տեղ աշխատելու պարագայում քաղաքացու հանրագումարային աշխատավարձը դիտարկենք որպես շեմ: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե արդյոք համակարգի շահառո՞ւ են այն անձինք, որոնք մի քանի տեղ են աշխատում, և նրանց աշխատավարձի հանրագումարն է կազմում 200 հազար դրամ և ավելի:
 
«Ըստ էության, ծրագրային առումով այս տարի չենք կարողանա նման ապահովում իրականացնել, և պետք է գոնե մեկ գործատուի մոտ մարդու աշխատավարձը 200 հազար դրամից ավելի լինի, որպեսզի նա 2026 թվականին ընդգրկվի ապահովագրության մեջ:
 
Բայց 2027 թվականից, ըստ էության, բոլոր աշխատավարձ ստացողները կներառվեն»,- տեղեկացրեց նախարարը:
 
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ի նիստին առաջին ընթերցմամբ ընդունվել է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագիծը, որը ներդրվելու է փուլային տարբերակով՝ 3 տարվա ընթացքում:
 
Այն ներառելու է Հայաստանի բոլոր քաղաքացիներին, բայց չի ծածկելու բոլոր քաղաքացիների և ամեն անհատի առողջապահական բոլոր կարիքները, այլ ուղղված է հիմնական հիվանդացության և մահացության բեռ հանդիսացող վիճակների, հիվանդությունների մեղմմանը, դրանց առողջապահական ամենալավ արդյունքների ապահովմանը:
 
Առողջության համընդհանուր ապահովագրության՝ 2026 թվականի շահառուների ցանկը՝ այստեղ:
 
 
Հեղինակ`Լուսինե Մուրադյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը