Ադրբեջանական լրատվականները հաղորդում են Ադրբեջանից Հայաստան բենզինի առաջին խմբաքանակն ուղարկելու մասին
18-12-2025 13:06:34 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը հաղորդում է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի առաջին խմբաքանակի ուղարկման մասին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գործակալությունը նշում է, որ ուղարկվում է 22 վագոն SOCAR ապրանքանիշի АИ-95 տեսակի բենզին: Հաղորդվում է, որ ադրբեջանական բենզինը Հայաստան է ուղարկվում բացառապես առևտրային նպատակով և այն իրացվելու է միջազգային շուկաների արժեքներին համապատասխան գներով: Նշվում է, որ նավթամթերքի տարանցման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել նոյեմբերի 28-ին Ադրբեջանի Գաբալա քաղաքում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 12-րդ հանդիպման ընթացքում:
Ադրբեջանական լրատվամիջոցները դեկտեմբերի 8-ին հայտնել էին, որ Վրաստանի կողմից կիրառվող սակագնային քաղաքականության պատճառով խոչընդոտվում է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարումը։ Դրանից հետո Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը հայտարարեց, որ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանձնարարել է Վրաստանի տարածքով ադրբեջանական նավթամթերքի առաջին տարանցումը դեպի Հայաստան իրականացնել անվճար։