Ողջունում եմ. վարչապետը՝ Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի ներմուծման մասին


 

Ողջունում եմ. վարչապետը՝ Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի ներմուծման մասին

  • 18-12-2025 16:00:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Ես էլ տեսա, որ արդեն Ադրբեջանի արտադրության նավթամթերքով շարժակազմը շարժվել է և գալիս է Հայաստան, և ես ողջունում եմ այդ զարգացումը: Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
«Զուտ առևտուրը տեղի է ունենում մասնավոր ընկերությունների միջև, բայց, իհարկե, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն է, որ քաղաքական պայմաններ է ստեղծել այդ առևտրի համար: Իհարկե, նաև քաղաքական մակարդակի պայմանավորվածություններ են եղել, որ հնարավորությունների մասին երկու երկրների գործարար շրջանակները կտեղեկացվեն և համապատասխան հետաքրքրության առկայության պարագայում նրանք արդեն գործարքները կկնքեն: Գիտեմ, որ մի գնացք է գալիս, ինչքան է կոնկրետ՝ չգիտեմ:
 
Երբ արդեն մտնի երկիր, մեր մաքսային ծառայությունները տեղեկության տիրապետեն, ես այդ ժամանակ կտիրապետեմ: Ինչ վերաբերում է հետագա ընթացքին, ես գիտեմ, որ վրացական երկաթուղու սակագնի հետ կապված որոշակի հարցեր կան, և հույս ունեմ՝ այդ հարցերը կա՛մ կկարգավորվեն, կա՛մ եթե չկարգավորվեն, տրամաբանորեն տնտեսվարողները, եթե գործարքները շարունակեն հետաքրքիր լինել, այլընտրանքային ձևեր կփնտրեն ներմուծումը և արտահանումն ապահովելու»,- նշեց Փաշինյանը:
 
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ադրբեջանական պետական APA գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին համապատասխան՝ սկսվել է Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան նավթամթերքի արտահանումը: Համաձայնությունը ձեռք է բերվել նոյեմբերի 28-ին Գաբալա քաղաքում երկու երկրների փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպման ժամանակ:
 
Գործակալության տվյալով՝ երկաթուղով Հայաստան կուղարկվի SOCAR-ի «ԱԻ»-95 մակնիշի 22 վագոն բենզին:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը