«Արշավը կշարունակվի, պետք է պատրաստ լինել». քաղաքական գործիչները՝ Մայր աթոռի դեպքերի մասին


 

«Արշավը կշարունակվի, պետք է պատրաստ լինել». քաղաքական գործիչները՝ Մայր աթոռի դեպքերի մասին

  • 19-12-2025 11:52:40   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Իշխան Սաղաթելյանի խոսքով` իշխանությունը փորձել էր Մայր աթոռում կենտրոնացնել ողջ պետական ռեսուրսը, Էդմոն Մարուքյանի կարծիքով` հայ ժողովուրդը մեծ արյունահեղությունից խուսափեց։
 
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը և «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում են, որ հակաեկեղեցական արշավը դեռ շարունակվելու է, ուստի պետք է պատրաստ լինել դիմակայման։ Նրանք «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում անդրադարձել են Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած դեպքերին։
 
Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսները երեկ գնացին Մայր աթոռ և Գարեգին Բ–ի հեռացման պահանջով նամակ փոխանցեցին քարտուղարությանը։ Այնուհետև քաղաքացիական հագուստով իրավապահները եպիսկոպոսներին միկրոավտոբուսով դուրս բերեցին Մայր աթոռի տարածքից։ Այդ ընթացքում Մայր աթոռի բակում հավաքվածների մի մասը բղավում էր` հեռացիր, մյուսը մասը վանկարկում էր` վեհափառ։
 
Իշխան Սաղաթելյանի խոսքով` գործող վարչախումբը փորձել էր Մայր աթոռում կենտրոնացնել ողջ պետական ռեսուրսը, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե գոյություն ունի վեհափառի հրաժարականի հանրային պահանջ։
 
«Մենք էլ գնացինք Մայր աթոռ, ու մեզ միացան բազմաթիվ քաղաքացիներ։ Արդյունքում սրբապիղծները չկարողացան ներխուժել վեհարան։ Սա մեծ ողբերգություն է. մեր հայրենիքում ստիպված ենք պաշտպանել մեր եկեղեցին։ Մեր խնդիրը միայն այդ օրով չի ավարտվել ու չի լուծվել, քանի որ վարչախումբը շարունակելու է իր գործողությունները։ Պետք է պատրաստ լինենք առաջիկայում ևս պաշտպանել մեր եկեղեցին՝ հայոց հայրապետին։ Պետք է լինենք, պինդ ու միասնական»,- նշում է պատգամավորը։
 
Նա վստահեցնում է՝ չեն կարող փողով, շանտաժով, աշխատանքը կորցնելու վտանգով բերված մարդիկ հաղթել նվիրյալ, գաղափարական հավատացյալ մարդկանց, որոնք նաև գիտակցում են իրենց պետության արժեքը։
 
Էդմոն Մարուքյանն էլ ընդգծում է` Մայր աթոռում տեղի ունեցածը տեսնելով՝ վստահաբար կարելի է ասել, որ հայ ժողովուրդը մեծ արյունահեղությունից խուսափեց։
 
«Կարող էր «Մարտի 1» տեղի ունենալ, որովհետև տեղում առանց տարբերանշանների, զինված մարդիկ էին։ Փառք Աստծո, մեր պետությունը մեծ արյունահեղությունից խուսափեց։ Հայ առաքելական եկեղեցի, կաթողիկոս մենք ունենք, բայց պետություն չունենք, որովհետև եթե լիներ պետություն, չէր լինի այն, ինչ եղավ։ Ի՞նչ է՝ զինված բանդա է գործում երկրում, որ այդ 10 տիրադավին էս կողմ-էն կողմ են տանում։ Իրենց տարածած հայտարարությունն ավելի երկար ես կարդում, քան իրենց կազմակերպած հավաքն էր։ Գնացել, ուրիշ տեղ նստել էիք, բա մարդ եք հրավիրել հավաքի, ո՞ւր էիք»,- նշում է Մարուքյանը։
 
Քաղաքական գործիչը վստահ է՝ ամեն ինչ դեռ նոր է սկսվում ու պետք է պատրաստ լինել դիմակայելու։
 
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
 
Դեկտեմբերի 17–ին հայտնի դարձավ, որ Գարեգին Բ–ի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսները պատրաստվում են գնալ Մայր աթոռ։ Միաժամանակ Արագածոտնի թեմը հայտնեց, որ դեկտեմբերի 18-ին Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը տեղափոխվում է և տեղի է ունենալու Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում։
 
10 եպիսկոպոսները, սակայն, դեկտեմբերի 18–ին, չկարողացան մտնել Մայր տաճար, որտեղ այդ պահին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի գլխավորությամբ միասնական աղոթք էր հնչում։ Կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսները փորձեցին բարձրախոսով իրենց հայտարարությունն անել, սակայն նրանց խոսքը խլացավ հավաքվածների վանկարկումների ու սուլոցների ներքո։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը