Ալիևը Պուտինին վարձահատույց է լինում ադրբեջանցի պահեստազորայինների արյամբ
20-12-2025 11:22:52 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
1in.am․ Դեկտեմբերի 24-ը Իլհամ Ալիևի ծննդյան օրն է: Այդ առթիվ նա արդեն շնորհավորական ուղերձներ է ստանում:
Ալիևին շնորհավորել են Ղազախստանի նախկին նախագահ Նազարբաևը, Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Մատվիենկոն, Բելառուսի նախագահ Լուկաշենկոն, անգամ Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը… Այդ ուղերձների շարքում աչքի է զարնում Ուկրաինայի նախագահ Զելենսկու շատ հակիրճ և անպաճույճ նամակը, որտեղ ոչ մի խոսք չկա ռազմավարական համագործակցության կամ մոտալուտ հանդիպման ակնկալիքների մասին՝ ինչպես նախորդ երկու ուղերձների դեպքում էր:
Զելենսկին Ալիևին շնորհակալություն է հայտնել Ուկրաինային ցուցաբերվող մարդասիրական և էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնողական աշխատանքներին ցուցաբերած օգնության և ուկրաինացի երեխաների վերականգնողական հանգիստը Բաքվում կազմակերպելու համար, հույս հայտնել, որ այն շարունակական կլինի:
Նույն օրը Բաքվի իշխանական haqqin.az-ը հանդես է եկել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմին ադրբեջանցի զինվորականների մասնակցության մասին հրապարակումով: Ըստ լրատվամիջոցի, «վերջին տեղեկությունների համաձայն Ռուսաստանի բանակի շարքերում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցում է Ադրբեջանի պահեստազորի մի քանի հարյուր զինվորական»:
Հեղինակը, վկայակոչելով սոցիալական ցանցերի տեղեկությունները, նշում է, որ օրերս սպանվել է Ռաֆիգ Մամեդովը, որ Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցում էր չեչենական հատուկ նշանակության «Ահմատ» զորամիավորման շարքերում: Մամեդովը ծնունդով Խաչմազի շրջանից էր, ղարաբաղյան երկրորդ պատերազմի մասնակից: Ըստ երևույթին, նա զորացրվել է Ադրբեջանի ցամաքային զորքերի հատուկ նշանակության գնդից:
Բաքվի լրատվամիջոցը բերում է նաև Ֆամիլ Ռուշանովի անհայտ կորստյան փաստը: Հարազատներն ասել են, որ արդեն վեցերորդ ամիսն է՝ նրանից ոչ մի տեղեկություն չունեն: Ռուշանովը նույնպես քառասունչորսօրյա պատերազմի մասնակից է, զորացրվել է քսան տարվա ծառայությունից հետո, բայց հաշվառված էր պահեստազորում: Անձնական այս տվյալները հստակ հուշում են, որ նա ադրբեջանական բանակի սպա էր: Այլ մանրամասնություններ հասկանալի պատճառով ադրբեջանական կիսապաշտոնական մամուլը չի հանրայնացնում:
Բայց այլ աղբյուրներ հայտնում են, որ օրերս ուկրաինական ռազմաճակատում սպանվել է Ադրբեջանի ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության կապիտան Գաֆուր Հասանովը: Քառասունչորսօրա պատերազմում նա գլխավորել է Գյորանբոյի կորպուսի բժշկական ծառայությունը, արժանացել «Ադրբեջանի դրոշ» շքանշանի և «Հանուն հայրենիքի» մեդալի: Ըստ տեղեկությունների, Հասանովը մեկնել է Դոնի Ռոստով, որտեղ էլ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից պատերազմին մասնակցելու եռամյա պայմանագիր է ստորագրել:
Ռուսաստանի ուժային կառույցները, զինկոմիսարիատները, գործատուները հետխորհրդային երկրների քաղաքացիներին «հորդորում» են պատերազմին մասնակցելու պայմանագիր կնքել, դա հանրածանոթ իրողություն է: Ադրբեջանական լրատվամիջոցի այս հրապարակումը դրա մասին չէ: Այս դեպքում խոսքը պրոֆեսիոնալ զինվորականների մասին է, որ Ադրբեջանից Ռուսաստան են տեղափոխվում՝ պատերազմին մասնակցելու որոշմամբ: Ընդսմին, եթե իշխանական մամուլն ընդունում է, որ նրանց թիվը «հասնում է մի քանի հարյուրի», ապա իրականում, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանի պահեստազորի հազարավոր սպաներ համալրեն են Ռուսաստանի բանակը և կռվում են Ուկրաինայի դեմ:
Հնարավոր է, նրանք այդ որոշումն ընդունել են սոցիալական պայմաններից դրդված: Բայց Ադրբեջանը բոլոր առումներով ավտորիրտար երկիր է, բանակը, ռազմական ուսումնարանները, զինկոմիսարիատները գտնվում են խիստ հսկողության ներքո, ցամաքային սահմանները փակ են, գործում է միայն օդային հաղորդակցությունը: Այս պայմաններում հազարավոր, նույնիսկ հարյուրավոր պահեստազորային սպաների տեղաշարժը միանգամայն վերահսկելի պիտի լինի: Եվ եթե ադրբեջանցի առնվազն հարյուրավոր պահեստազորային սպաներ Ռուսաստանի բանակում են, ուրեմն Ալիևը Պուտինին վարձահատույց է լինում նրանց արյամբ: