Թրամփը հետ է կանչում ԱՄՆ դիվանագետներին շուրջ 30 երկրից, այդ թվում՝ Հայաստանից. AP
22-12-2025 12:02:37 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ազատություն. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հետ է կանչում շուրջ 30 երկրում դիվանագիտական առաքելություն իրականացնող դեսպանների և բարձրաստիճան դիվանագետների, այդ թվում՝ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանին, հայտնում է Associated Press-ը:
Պետդեպարտամենտի երկու պաշտոնյա, անանուն մնալու պայմանով, AP-ին հայտնել են, որ նախորդ շաբաթ առնվան 29 երկրի դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ տեղեկացվել են, որ նրանց պաշտոնավարումը 2026 թվականի հունվարին ավարտվելու է։ Այս բոլոր դիվանագետներն իրենց պաշտոնները ստացել են ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման ժամանակ։
Ըստ պաշտոնյաների, դիվանագետները Վաշինգտոն վերադառնալուց հետո, եթե ցանկանան, կարող են զբաղեցնել այլ դիվանագիտական պաշտոններ։
Պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանել, այս փոփոխությունները քանի դեսպանների են վերաբերում, սակայն նշել է, որ սա «ցանկացած վարչակազմի ստանդարտ գործընթաց է»: Պետդեպը նշել է, որ դեսպանը «նախագահի անձնական ներկայացուցիչն է, և նախագահի իրավունքն է ապահովել, որ այդ երկրներում ունենա անհատներ, որոնք առաջ են մղում «Ամերիկան առաջինը» օրակարգը:
Ամենամեծաթիվ փոփոխությունները, ըստ լրատվամիջոցի, լինելու են Աֆրիկայում, մասնավորապես հետևյալ երկրներում՝ Բուրունդի, Կամերուն, Կաբո Վերդե, Գաբոն, Կոտ դ'Իվուար, Մադագասկար, Մավրիկիոս, Նիգեր, Նիգերիա, Ռուանդա, Սենեգալ, Սոմալի և Ուգանդա։
Ասիայում դեսպանների փոփոխություններ են սպասվում վեց երկրներում՝ Ֆիջի, Լաոս, Մարշալյան կղզիներ, Պապուա Նոր Գվինեա, Ֆիլիպիններ և Վիետնամ:
Ըստ AP-ի, փոփոխություններ կլինեն նաև Հայաստանում, Մակեդոնիայում, Մոնտենեգռոյում և Սլովակիայում, Ալժիրում, Եգիպտոսում, ինչպես նաև Նեպալում, Շրի Լանկայում, Գվատեմալայում և Սուրինամում:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Երևան է ժամանել 2023թ․փետրվարի 16-ին։ Նա Միացյալ Նահանգների 10-րդ դեսպանն է Հայաստանում։
Մինչ Հայաստան ժամանելը՝ 2020-2022 թվականներին դեսպան Քվինը եղել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Ուկրաինայում։