Օգտագործելով Հայաստանի անունը․ իրանցիների հորինած համալսարանը չունի լիցենզիա և իրական հասցե
23-12-2025 12:09:13 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
hetq. Իրանցի Մոհամմադալի Մորշեդին ներկայանում է որպես North West International University (Հյուսիսարևմտյան միջազգային համալսարան, NWIU)-ի ղեկավար։ Նա տարբեր հարթակներում շահարկում է Հայաստանի անունը՝ նշելով, թե իբր «համալսարանը» հիմնադրվել և գտնվում է Հայաստանում, ունի օրինական գրանցում և ԿԳՄՍ նախարարության կողմից տրված լիցենզիա։ Ենթադրյալ համալսարանի կայքում նշվում է, որ այն ներառված է Հայաստանի բուհերի ցանկում։ Թեև Մոհամմադալին Հայաստանում երկու ընկերություն է գրանցել, դրանք ոչ մի կրթական գործունեություն չեն իրականացնում։ Փաստացի, նման համալսարան Հայաստանում գոյություն չունի, ԿԳՄՍ նախարարությունը որևէ լիցենզիա չի տվել նրան։
«Հետքին» դիմել էր իրանցի Ղոլամռեզա Մոհամմադզադեավալը՝ ներկայանալով որպես նույն «համալսարանի» նախագահ։ Ըստ նրա՝ Մոհամմադալի Մորշեդին «համալսարանի» նախկին աշխատակից է, և «համալսարանի» անունով ապօրինի գործունեություն է իրականացնում Հայաստանում։ Ղոլամռեզան Մոհամմադալիին մեղադրում է կեղծ դիպլոմների վաճառքի մեջ։ Մեզ չհաջողվեց կեղծ դիպլոմների և վկայականների մասին տեղեկություն ստանալ, Ղոլամռեզա Մոհամմադզադեավալն էլ հետադարձ կապ չհաստատեց, սակայն այլ հետաքրքիր մանրամասներ պարզեցինք այդ ենթադրյալ համալսարանի վերաբերյալ։
Կեղծ ինֆորմացիա՝ Հայաստանի հետ համագործակցության մասին
North West International University-ն (Հյուսիսարևմտյան միջազգային համալսարան, NWIU) ունի կայք, որի «հավատարմագրումներ» բաժնում Հայաստանի հետ համագործակցության վերաբերյալ առանձին բաժին կա։
Նշված է, որ այն ընդգրկված է Հայաստանում գործող բուհերի շարքում և որպես հավաստում՝ տեղադրված է Վիքիպեդիա առցանց հանրագիտարանի համապատասխան էջի էկրանապատկերը։ Վիքիպեդիայի այդ հոդվածը խմբագրվել է անհայտ օգտատիրոջ կողմից, և ՀՀ-ում գործող համալսարանների ցանկում ավելացվել է North West International University-ի անունը, ապա հայ խմբագիրների կողմից այն հեռացվել է։ Խմբագրումից հետո անհայտ օգտատերը երկրորդ անգամ է ավելացրել ենթադրյալ համալսարանի անունը, ինչը կրկին հեռացվել է։
Որպես «ապացույց» ներկայացվում է 2022թ․ ԿԳՄՍՆ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի ստորագրությամբ մի նամակ, սակայն դա լիցենզիայի մասին չէ։
Կայքում տեղադրված է նաև ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկանք «համալսարանի» անվամբ՝ «ՆՈՐԹՎԵՍԹ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ ՅՈՒՆԻՎԵՐՍԻԹԻ» ՍՊԸ-ի գրանցման մասին, սակայն այդ ՍՊԸ-ն որևէ գործունեություն չի ծավալում Հայաստանում։ Բացի այդ, կայքում ՀՀ փաստաբանների պալատի լոգոտիպը ներկայացված է որպես ՀՀ արդարադատության նախարարության լոգոտիպ։
«Համալսարանը և դրա տրամադրած տեղեկությունները վստահելի չեն». ԱԳՆ
Ինչպես վերեւում նշեցինք, Մոհամմադալի Մորշեդին պնդում է, թե լիազորվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից՝ որպես ապացույց կցելով փոխնախարար Ժաննա Անդրեասյանի ստորագրությամբ պաշտոնական նամակի պատասխան, սակայն դա լիցենզիայի մասին չէ։ Անդրեասյանի նամակում նշված է՝ Մոհամմադալի Մորշեդիի առաջարկած դասընթացները համարվում են լրացուցիչ կրթական ծրագրեր, որոնց համար ԿԳՄՍՆ-ի թույլտվության անհրաժեշտություն չկա։
«Հետքը» նախարարությանը խնդրել էր ասել, թե 2022 թվականին Մոհամմադալի Մորշեդին ի՞նչ հարցով է դիմել իրենց։
Ըստ ԿԳՄՍ նախարարության՝ 2022 թվականին համալսարանի տնօրեն Մոհամմադալի Մորշեդին դիմել է նախարարություն՝ զբոսաշրջության, հյուրանոցային կառավարման, սրճարանի, հրուշակեղենի, խոհարարության, բիզնեսի, համակարգչային, էլեկտրաէներգիայի, հեռահաղորդակցության, շինարարության, դիզայնի, նորաձևության և հագուստի ոլորտներում գործունեության լիցենզիաներ ստանալու համար։
Նախարարությունից նրան տեղեկացրել են, որ իր առաջարկած ծրագրերը կարճաժամկետ լրացուցիչ դասընթացներ են, որոնց համար լիցենզիա հարկավոր չէ ու առաջարկել են դիմել նախարարություն՝ այդ ծրագրերի երաշխավորման համար։
Մեր հարցին, թե ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել ԿԳՄՍՆ-ն, արդյոք իրավական գործընթացի հնարավորություն կա՝ հաշվի առնելով, որ Մոհամմադալի Մորշեդին շահարկում է ՀՀ-ի անունը, նախարարությունը պատասխանել է․ «Նշյալ հարցը քննարկման փուլում է, արդյունքները կներկայացվեն լրացուցիչ»։
Նախարարությունից հայտնել են նաև, որ «ՆՈՐԹՎԵՍԹ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ ՅՈՒՆԻՎԵՐՍԻԹԻ» ՍՊԸ-ն ներառված չէ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից վարվող՝ ՀՀ-ում գործող բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրեր իրականացնող լիցենզավորված ուսումնական հաստատությունների ցանկում, ուստի նախարարությունն իր իրավասությունների շրջանակում հավելյալ տեղեկություն չի տնօրինում վերոնշյալ ՍՊԸ-ի մատուցած կրթական ծառայությունների վերաբերյալ։
Ինչ վերաբերում է ՍՊԸ-ի՝ անգլերեն «յունիվերսիթի» անվանման կիրառությանը, ԿԳՄՍՆ-ն նշել է, որ կազմակերպության ֆիրմային անվանման գրանցման կամ դրա մերժման հարցը կարգավորվում է «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքով։
Ենթադրյալ համալսարանի մասին ԿԳՄՍՆ-ն գրություն է ուղղել Արտաքին գործերի նախարարությանը, որտեղից հայտնել են․ «Northwest International University-ի էլեկտրոնային կայքի ուսումնասիրության արդյունքում ՀՀ ԱԳ նախարարությունը եկել է եզրակացության, որ նշյալ համալսարանը և դրա տրամադրած տեղեկությունները վստահելի չեն»։
Որտեղ է գրանցված Մոհամմադալի Մորշեդիի ընկերությունը
Ըստ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների՝ «Նորթվեսթ ինթերնեյշնլ յունիվերսիթի» ՍՊԸ-ն գրանցվել է 2022թ. մարտի 29-ին։ Ընկերության 100% սեփականատերը Մոհամմադալի Մորշեդի Աքբարն է։
Նրա մասնակցությամբ գրանցված ևս մեկ ընկերություն կա՝ «Արվանդ ինթերնաշնալ քոլեջ օֆ սայենս ընդ թեքնոլոջի» ՍՊԸ, որի գործունեության տեսակը ևս կրթական է։
Երկու ընկերություններն էլ գրանցված են Երևանի Կենտրոն թաղամասում՝ Տոլստոյի 49 հասցեում։ Ըստ Կադաստրի կոմիտեի՝ այդ հասցեում գտնվող շինությունը պատկանում է Նելլի Այվազյանին։
Այցելեցինք այդ հասցե, պարզվեց՝ բնակելի տուն է, որտեղ վերանորոգման աշխատանքներ էին իրականացվում։ Շինարարը հայտնեց, որ Նելլին մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ:
Սոցիալական ցանցի հարթակներից մեկի միջոցով կապ հաստատեցինք Նելլի Այվազյանի հետ։ Նա ասաց, թե տեղյակ չէ, որ իր հասցեում ընկերություններ են գրանցված։
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրը տրամադրված տվյալները չի ստուգում
Զանգահարեցինք Իրավաբանական անձանց պետական ռեգիստր՝ ճշտելու՝ արդյոք ստուգվում է այն հասցեն, որը տրամադրում է ընկերություն գրանցող անձը։ Պատասխանեցին, որ պետական ռեգիստրում նշվում է այն հասցեն, որն անձը տրամադրում է, և որևէ ստուգում չի իրականացվում։ Ստացվում է, որ յուրաքանչյուր ոք կարող է ընկերություն գրանցել ցանկացած հասցեով, նույնիսկ, եթե դա ձեր բնակարանն է, և նույնիսկ, եթե դուք տեղյակ չեք։
«Համալսարանը» սոցիալական հարթակներում ևս ներկայացվում է որպես Հայաստանում գործող բուհ
Իրանցի Մոհամմադալի Մորշեդին սոցիալական տարբեր ցանցերում 2022թ.-ից տարբեր միջազգային կրթական հաստատությունների կողմից երաշխավորագրերի և համագործակցությունների մասին լուսանկարներ, պատվոգրեր, հավաստագրեր է հրապարակել։ Այդ փաստաթղթերում «համալսարանի» գործունեության վայր նշվում է Հայաստանը։
Eduopinions կայքում, օրինակ, որտեղ իրական ուսանողներն իրենց կարծիքն են գրում կրթական հաստատությունների մասին, Մոհամմադալի Մորշեդին ներկայացել է որպես «համալսարանի» հիմնադիր և պնդել, որ Հյուսիսարևմտյան միջազգային համալսարանը (NWIU) օրինական, հեղինակավոր բուհ է, պաշտոնապես գրանցված է Հայաստանում և գործում է ՀՀ նախարարությունների հսկողության ներքո։ Վերոնշյալ կայքում ևս Մոհամմադալի Մորշեդին որպես «համալսարանի» գործունեության վայր նշել է Երևանը։
«Համալսարանի» սոցիալական ցանցերի էջերում ավելի վաղ արված հրապարակումներում կան նաև մեզ դիմած Ղոլամռեզա Մոհամմադզադեավալի լուսանկարները և որոշ սերտիֆիկատներ, որտեղ նշված է նրա անունը։ Ենթադրվում է, որ «Հետքին» դիմած Ղոլամռեզան եւ Մոհամմադալին միասին են «համալսարանի» գործունեությունն իրականացրել, սակայն այժմ երկուսն էլ ներկայանում են որպես «համալսարանի» ղեկավար։ Իրենց փոխանցմամբ, Իրանում դատական հայցեր են ներկայացրել միմյանց դեմ։ Հնարավոր է, որ Ղոլամռեզայի եւ Մոհամմադալիի միջև վեճ է եղել, և Ղոլամռեզան որոշել է դիմել մեզ։
Մոհամմադալին «Հետք»-ին հայտնել է, որ Ղոլամռեզան չի ներկայացրել որևէ իրավական ապացույց և միայն պնդել է, թե հաստատության գրանցումը Հայաստանում իրականացվել է առանց թույլտվության։ «Իրականում, Հայաստանի Հանրապետությունում հաստատության գրանցման գործընթացն անցնում է մանրակրկիտ իրավական ստուգում, և NWIU-ի պաշտոնական գրանցումն ավարտվել է իրավական ընթացակարգերի լիակատար պահպանմամբ»,- նշել է Մոհամմադալին։ Նա հղում է տվել Փարիզյան կոնվենցիային՝ պնդելով, որ հաստատության անվան և ապրանքանիշի նկատմամբ մտավոր սեփականության իրավունքները պատկանում են իրեն, և որ Իրանի դատարանը մեկ անգամ վճիռ է կայացրել՝ մերժելով Ղոլամռեզայի պահանջները։
«Ընթանում են նախապատրաստական աշխատանքներ Հայաստանում կրթական գործունեություն սկսելու ուղղությամբ». Մոհամմադալի Մորշեդի
«Թեև ուսումնական հաստատության սկզբնական հիմնադրումը տեղի է ունեցել Հայաստանում, մեր ընթացիկ գործառնական գործունեությունը չի իրականացվում Հայաստանի տարածքում, և մինչ օրս այնտեղ ուսումնական դասընթացներ չեն անցկացվել»,- մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնել է Մոհամմադալի Մորշեդին։
Ըստ նրա՝ ընթանում են նախապատրաստական աշխատանքներ Հայաստանում կրթական գործունեություն սկսելու ուղղությամբ։ Հայաստանում գործող կանոնակարգերն ու պահանջներն ավելի լավ հասկանալու նպատակով, Մոհամմադալի Մորշեդիի խոսքով, «հանդիպումներ են եղել պաշտոնատար անձանց հետ, այդ թվում՝ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի» տնօրեն Ռուբեն Թոփչյանի և Կրթության նախարարության հավատարմագրման բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանի հետ»»։
Մոհամմադալիի ներկայացմամբ՝ անձինք, որոնց հետ հանդիպել է, ԿԳՄՍՆ-ի ներկայացուցիչներ են, սակայն Ռուբեն Թոփչյանը և Վարդուհի Գյուլազյանն աշխատում են «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամում, որը որևէ առնչություն չունի նախարարության հետ։
Վարդուհի Գյուլազյանը «Հետքին» հայտնեց, որ 2025-ի փետրվարին Մոհամմադալի Մորշեդին Zoom-ով հանդիպում է ունեցել իրենց հետ։Մոհամմադալին կարծել է, թե հիմնադրամն է իր «համալսարանին» տալու լիցենզիա, և այդ նպատակով է կապ հաստատել հիմնադրամի հետ։ «Մենք ասել ենք, որ ճանաչում, հավատարմագրում լինում է այն ժամանակ, երբ հաստատությունը ունի լիցենզիա, պետության թույլտվություն, այդ օրենքները իրեն մեկնաբանել և ուղարկել ենք։ Դրանից հետո հաստատությունը գործունեություն է ծավալում, ունենում է շրջանավարտներ, նոր գալիս է հավատարմագրման, դրա կարգն էլ ենք իրեն մեկնաբանել։ Թե հետո ինչ է տեղի ունեցել, չգիտեմ»,- ասաց Վարդուհի Գյուլազյանը։ ՀՀ օրենսդրական կարգավորումներն էլեկտրոնային նամակով Մոհամմադալիին ուղարկելուց հետո նա որևէ առնչություն չի ունեցել։
Վարդուհի Գյուլազյանի խոսքով՝ Մոհամմադալի Մորշեդին ասել է, որ ցանկանում է կարճաժամկետ ծրագրեր իրականացնել, պատմել է իր «համալսարանի» մասին, որը, ըստ Մոհամմադալիի, գտնվել է արտասահմանում։ Վարդուհի Գյուլազյանն այդ հանդիպումից մանրամասներ չի հիշում, քանի որ շատ ժամանակ է անցել։ Ընդհանուր խոսակցությունը, ըստ նրա, եղել է լիցենզիա, հավատարմագրում ստանալու մասին, իրենք էլ Մոհամմադալի Մորշեդիին մեկնաբանել են ՀՀ օրենսդրական կարգավորումները։
Մոհամմադալին մեզ ուղղված պատասխանում ևս նշել է, որ իրականացնում է կարճաժամկետ և հմտությունների զարգացմանն ուղղված կրթական ծրագրեր թե՛ առկա, թե՛ առցանց եղանակով՝ համաձայն այն երկրների օրենսդրության, որտեղ գործում է։
«Հայաստանի ԿԳՄՍՆ-ին ուղարկված պաշտոնական հարցման համաձայն՝ կարճաժամկետ դասընթացների և լրացուցիչ ուսուցման կազմակերպումը չի պահանջում հատուկ լիցենզիա։ Կարճաժամկետ և լրացուցիչ դասընթացների մեր քաղաքականության և ծրագրերի շրջանակում ներկայացնում ենք պաշտոնական հայտեր՝ յուրաքանչյուր երկրի իրավական պահանջներին համապատասխան, և գործունեությունն իրականացվում է միայն իրավասու մարմինների հաստատումից հետո»,- հայտնել է նա։
Մոհամմադալի Մորշեդիին խնդրել էինք պարզաբանել նաև այն կեղծ տեղեկությունները, որոնք ներկայացրել է «համալսարանի» կայքում։ Հարցրել էինք՝ ինչու է կայքում նշել, թե ՀՀ ԿԳՄՍՆ-ն իրեն լիցենզիա է տվել, երբ իրականում այդպես չէ։
Ըստ Մոհամմադալի Մորշեդիի՝ NWIU-ի կողմից Հայաստանում իր ներկայության վերաբերյալ տրամադրված տեղեկությունները չպետք է մեկնաբանվեն որպես բարձրագույն կրթության ոլորտում գործունեության լիցենզիա կամ որպես նախարարության կողմից պաշտոնապես ճանաչված բուհերի ցանկում ընդգրկում։
«Այն ավելի շուտ վկայում է իրավական գրանցման և լրացուցիչ ու հմտությունների զարգացմանն ուղղված կրթական ծրագրեր առաջարկելու հնարավորության մասին՝ համապատասխան ազգային օրենսդրությանը»,- «Հետքին» պատասխանել է Մոհամմադալին։
Անդրադառնալով հարցին, թե ինչու է ընկերությունները գրանցել Նելլի Այվազյանին պատկանող բնակարանի հասցեում՝ Մոհամմադալի Մորշեդին գրել է, որ Հայաստանում ընկերությունների գրանցման կանոնակարգերը պահանջում են գտնվելու վայրի ներկայացում: Այդ ժամանակ տրամադրվել է ժամանակավոր բնակության հասցե։ Ըստ նրա՝ հաստատության և Նելլի Այվազյանի միջև որևէ իրավական կամ գործառնական կապ չկա։
Մեր հարցումից հետո նկատեցինք, որ ենթադրյալ համալսարանի կայքում Հայաստանի վերաբերյալ տեղեկություններում որոշ փոփոխություններ են արվել։ Կայքից հեռացվել է Ժաննա Անդրեասյանի ստորագրությամբ պատասխանը, որը ներկայացվել էր իբրեւ լիազորագիր։ Մինչև մեր հարցումը «համալսարանի» կայքէջում նշված էր, թե այն «պաշտոնապես լիազորված է գործել և առաջարկել ակադեմիական ծրագրեր՝ համաձայն ՀՀ ազգային կարգավորող շրջանակի։ Այս հաստատումը տրվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարարի կողմից»։ Մեր հարցումից հետո այդ նախադասությունը խմբագրվել է հետևյալ կերպ․ «Համալսարանը պաշտոնապես լիազորված է առաջարկել լրացուցիչ կրթական ծրագրեր՝ համաձայն ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 1062-Ն որոշման»։ Ավելի ուշ այն ամբողջությամբ հեռացվել է։ Կայքում ավելացվել են Պետռեգիստրի տվյալները՝ պնդումով, որ «պաշտոնապես գրանցված է որպես համալսարան Հայաստանի Հանրապետությունում»։
Կայքից հեռացվել է նաև Վիքիպեդիա օնլայն հանրագիտարանից էկրանակադրը, որտեղ նշված էր, թե իբր «համալսարանն ընդգրկված է Հայաստանի բուհերի ցանկում»։
Մոհամմադալի Մորշեդին պնդում է, թե հաստատության գրանցումն անցել է «մանրակրկիտ իրավական ստուգում», սակայն Հայաստանում միայն ՍՊԸ գրանցելը չի նշանակում, թե կրթական գործունեության իրավունք է ստանում։ Նա, ըստ էության, մեզ այդպես էլ չտվեց սպառիչ պատասխաններ, թե ինչու է կեղծ և մոլորեցնող տեղեկություններ տարածում Հայաստանի հետ համագործակցության վերաբերյալ։ Եվ մինչ ԿԳՄՍ նախարարությունը քննարկում է իրավական գործընթաց սկսելու հնարավորությունը, իրանցիների կողմից Հայաստանում հորինված համալսարանը շարունակում է այդ տեղեկությունները տարածել՝ շահարկելով Հայաստանի անունը։