23-12-2025 12:22:47 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը, ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների, տեղեկացրել է, որ երեք տարի պաշտոնավարումից հետո հունվարի կեսին դեսպան Քվինը կավարտի իր աշխատանքը ՀՀ-ում։
«Դեսպանի հեռանալուց հետո ԱՄՆ քաղաքականությունը Հայաստանում փոփոխության չի ենթարկվի։ Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի հետ իր գործընկերությանն ու ակնկալում է տեսնել ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության հետագա զարգացում, ինչպես նաև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության պատմական գագաթնաժողովի ընթացքում նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի միջև ստորագրված երկկողմ համաձայնագրերի իրականացում»։
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշում է կայացրել հետ կանչել աշխարհի շուրջ 30 երկրում դիվանագիտական առաքելություն իրականացնող դեսպաններին ու բարձրաստիճան դիվանագետներին։ Այդ դեսպանների շարքում է նաև Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինը։