ՌԴ–ն դիտարկում է Ադրբեջանի տարածքով ՀՀ մատակարարվող բեռների ցանկն ընդլայնելու տարբերակը


 

ՌԴ–ն դիտարկում է Ադրբեջանի տարածքով ՀՀ մատակարարվող բեռների ցանկն ընդլայնելու տարբերակը

  • 24-12-2025 12:40:35   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Հացահատիկից բացի, քննարկվում է պարարտանյութեր մատակարարելու տարբերակը։
 
Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան մատակարարվող բեռների անվանացանկն ընդլայնելու հնարավորությունը։ «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում այս մասին հայտնել Է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
 
Հացահատիկից բացի, քննարկվում են պարարտանյութերի մատակարարման, ինչպես նաև Հայաստանից Ռուսաստան բեռների տեղափոխման տարբերակները։
 
«Կարևոր իրադարձություն է տեղի ունեցել, մենք դա իսկապես կարևոր ենք համարում` ռուսական հացահատիկով բեռնված առաջին գնացքը Ադրբեջանի և Վրաստանի տարածքով տեղափոխվել է Հայաստան։ Այսինքն՝ ավելի քան 30 տարվա ընթացքում առաջին անգամ, Հայաստանի ու Ադրբեջանի անկախ գոյության ընթացքում առաջին անգամ անցավ հացահատիկով բեռնված առաջին գնացքը», - ասել է նա։
 
Փոխվարչապետը հստակեցրել է, որ մշակվում է այդ տրանսպորտային միջանցքն այլ տեսակի բեռների, այդ թվում՝ հանքային պարարտանյութերի փոխադրման համար օգտագործելու հնարավորությունը։
 
Բացի այդ, Օվերչուկը հիշեցրել է, որ վերջերս Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքով շարժակազմ։
 
Զուգահեռաբար Մոսկվան և Երևանը քննարկում են հակառակ ուղղությամբ՝ Հայաստանից Ռուսաստան, Ադրբեջանի տարածքով տարանցիկ փոխադրումների կազմակերպման հեռանկարը։
 
Փոխվարչապետի խոսքով՝ նման քայլերը դեռ վերջերս քիչ հավանական էին թվում, սակայն այժմ դրանք սկսում են գործնական բովանդակություն ստանալ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը