Հայաստանը կարող է երկաթգծի որոշակի հատվածներ հետ վերցնել ռուսական կառավարումից, եթե ներդրումներ չարվեն


 

Հայաստանը կարող է երկաթգծի որոշակի հատվածներ հետ վերցնել ռուսական կառավարումից, եթե ներդրումներ չարվեն

  • 25-12-2025 15:42:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
civilnet. Հայաստանը պատրաստ է սեփական միջոցներով վերականգնել երկաթուղային ենթակառուցվածքների կարևոր հատվածները, եթե ռուսական կողմը պատշաճ ժամկետներում չիրականացնի այդ աշխատանքները. այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ճեպազրույցի ժամանակ։
 
Նա մանրամասներ ներկայացրեց դեկտեմբերի 22-ին Ռուսաստանի նախագահի հետ Սանկտ Պետերբերգում կայացած հանդիպումից՝ նշելով, որ կողմերը քննարկել են ապաշրջափակմանն ուղղված ենթակառուցվածքների վերակառուցման գործնական քայլերը։ Փաշինյանը ներկայացրեց ռուսական կոնցեսիայի ներքո գտնվող երկաթգծի վերականգնման ենթակա ուղղությունները։
 
«Մենք հիմա կարևոր ենք համարում, որ Տավուշի հատվածում, գոնե առաջին փուլում, մինչև Իջևան երկաթուղային կայարանը ներառյալ, վերականգնման աշխատանքներ իրականացվեն։ Վերականգնվեն նաև Ախուրիկի հատվածում Հայաստան-Թուրքիա սահմանից մինչև գործող երկաթուղային հատվածը, և Հայաստան-Նախիջևան սահմանից մինչև Երասխ հատվածը»,- ասաց վարչապետը։
 
Փաշինյանը հույս հայտնեց, որ Ռուսաստանը երկաթգծի վերականգնման աշխատանքները հնարավորինս արագ կիրականացնի։
 
«Եթե հանկարծ պարզվի, որ Ռուսաստանի Դաշնությունը պատշաճ ժամանակում այդ աշխատանքն իրականացնելու հետ կապված որևէ խնդիր ունի կամ որևէ խնդիր է տեսնում, Հայաստանի կառավարությունը կարող է այդ հատվածները հետ վերցնել կոնցեսիայից և պետական բյուջեի միջոցներով իրականացնել վերականգնումը»,- ասաց վարչապետը։
 
2008-ին ռուսական պետական «Ռոսիյսկիե ժելեզնիե դորոգի» (ՌԺԴ) ընկերության հետ կնքած պայմանագրով Հայաստանի կառավարությունն իր երկաթուղային ցանցը 30 տարով հանձնել է ՌԺԴ-ի հավատարմագրային կառավարմանը՝ ևս 10 տարի երկարաձգման իրավունքով:
 
Ռուսական կողմը պարտավորվել է ներդրումներ կատարել ենթակառուցվածքների արդիականացման, շարժակազմի նորացման և անվտանգության բարձրացման համար:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը