ՊՆ պաշտոնյաները խոշոր չափերի դիզվառելիք են հափշտակել. նախաքննությունն ավարտվել է


 

ՊՆ պաշտոնյաները խոշոր չափերի դիզվառելիք են հափշտակել. նախաքննությունն ավարտվել է

  • 26-12-2025 12:29:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ՊՆ պաշտոնատար անձինք մեղադրվում են խոշոր չափերի հափշտակության և դրա օժանդակության համար. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է:
 
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալը, նույն զորամասի պահեստապետի հետ նախնական համաձայնությամբ իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով, խմբով կատարել են խոշոր չափերի դիզելային վառելիքի հափշտակություն:
 
Մասնավորապես նախաքննությամբ պարզվել է, որ զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալը 700 լիտր դիզելային վառելիքի ավելցուկը չի մուտքագրել պահեստ, այլ այն վաճառելու և գնորդ գտնելու նպատակով դիմել է նույն զորամասի դասակի հրամանատարին, որից հետո նշված վառելիքը գնորդի ավտոմեքենայով դուրս է բերվել զորամասից ու վաճառվել, իսկ գումարը բաժանվել է նշված անձանց միջև:
 
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ դրանից հետո նույն ավտոմեքենայով փորձել են զորամասից դուրս բերել ևս 2 տոննա դիզելային վառելիք՝ դարձյալ վաճառելու նպատակով, սակայն խմբի անդամները հանցավոր արարքը չեն կարողացել ավարտին հասցնել, քանի որ պահեստապետը ձերբակալվել և տեղափոխվել է Հակակոռուպցիոն կոմիտե:
 
Հափշտակության և դրա փորձի համար ՀՀ Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 44-256-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով մեղադրանքներ են ներկայացվել զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալին և պահեստապետին:
 
Մեղադրանքներ են ներկայացվել նաև դասակի հրամանատարին և վառելիքի գնորդին: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը:
 
Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:
 
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասվում է հաղորդագրության մեջ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը