Իսրայելը և Սիրիան շուտով կարող են անվտանգության համաձայնագիր ստորագրել. i24
26-12-2025 15:42:01 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
1lurer. Իսրայելը և Սիրիան շուտով կարող են անվտանգության համաձայնագիր ստորագրել՝ հաղորդել է i24 հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրին: Նրա տվյալներով՝ երկու կողմերն այս հաջողության համար պարտական են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությանը: Համաձայնագիրը շուտով կարող է կնքվել սիրիացի և իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման ժամանակ՝ եվրոպական երկրներից մեկում:
Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ Շարաան ավելի վաղ հաստատել էր, որ Դամասկոսն առաջընթաց է գրանցել Իսրայելի հետ անվտանգության համաձայնագրի բանակցություններում: Ըստ ալ Շարաայի՝ այն կհիմնվի 1974 թվականի ուժերի տարանջատման վերաբերյալ համաձայնագրի վրա:
Դեկտեմբերի սկզբին, սակայն, Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարը հայտնել էր սիրիական կողմի հետ անվտանգության համաձայնագրի պայմանների վերաբերյալ զգալի տարաձայնությունների մասին՝ հաղորդում է հեռուստաալիքը:
i24-ի տվյալներով՝ Իսրայելը մերժում է Դամասկոսի պահանջը՝ զորքերը դուրս բերել Սիրիայի բոլոր շրջաններից, որոնք գրավվել են նախագահ Բաշար Ասադի կառավարման ավարտից հետո: Իսրայելը կհամաձայնի իր զինվորականներին դուրս բերել Սիրիայում վերահսկվող բոլոր 9 շրջանից ոչ թե անվտանգության համաձայնագրի, այլ լիարժեք խաղաղության պայմանագրի դեպքում՝ գրել են իսրայելական ԶԼՄ-ները: