2025 թվականն առանցքային տարի էր ՀՀ-ԵՄ գործընկերության համար՝ նշանակալի զարգացումներով. ԱԳՆ


 

2025 թվականն առանցքային տարի էր ՀՀ-ԵՄ գործընկերության համար՝ նշանակալի զարգացումներով. ԱԳՆ

  • 27-12-2025 13:51:10   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ․ 2025 թվականն առանցքային տարի էր ՀՀ-ԵՄ գործընկերության համար՝ նշանակալի զարգացումներով:
 
Այս մասին հայտնել է ԱԳՆ-ն՝ ամփոփելով անցնող տարի:
 
Ընդլայնվել է համագործակցությունը պաշտպանական և անվտանգության ոլորտներում.
 
տրվել է ՀՀ-ԵՄ անվտանգության և պաշտպանության վերաբերյալ խորհրդակցությունների մեկնարկը,
 
ստորագրվել և ուժի մեջ է մտել ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու մասին համաձայնագիրը,
 
ԵՄ քաղաքացիական առաքելության մանդատը երկարաձգվել է՝ որպես կայունությանը նպաստող կարևոր գործոն,
 
ԵՄ անդամ պետությունների միջև ձեռք է բերվել կոնսենսուս Եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանին աջակցության երկրորդ հատկացման շուրջ։
 
Առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման երկխոսությունը՝ միտված ՀՀ քաղաքացիների համար շոշափելի արդյունքների ապահովմանը:
 
Իրականացվում է Հայաստանի համար «Դիմակայունություն և աճ ծրագրի» ֆինանսավորման երկրորդ փուլը (202.5 միլիոն եվրո):
 
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա խոշոր միջոցառումների անցկացման հարցում.
 
Հայաստանն ընտրվել է Եվրոպական քաղաքական համայնքի 2026թ․ գարնան գագաթաժողովը հյուրընկալող երկիր,
 
2026թ. մայիսին տեղի է ունենալու Հայաստան-ԵՄ առաջին գագաթաժողովը:
 
Տարին եզրափակվել է ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի ընդունումով, որով այդ գործընկերությունը մտավ նոր և ավելի հավակնոտ փուլ՝ ընդհանուր տեսլականով և պատասխանատվությամբ՝ միտված առանցքային ուղղություններով կոնկրետ արդյունքների շարունակական ապահովմանը։
 
ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն արտացոլում է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումները. ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը