Պետք է մարդկանց ավտոմեքենաներից տեղափոխենք հանրային տրանսպորտ. Ավինյան


 

Պետք է մարդկանց ավտոմեքենաներից տեղափոխենք հանրային տրանսպորտ. Ավինյան

  • 29-12-2025 13:30:23   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Երևանում քաղաքում 3-5 տարի հետո հանրային տրանսպորտի բարեփոխումը վերջնական է լինելու, մետրոյի Աջափնյակի կայարանի շինարարությունն՝ ընթացքի մեջ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Քաղաքապետը վստահեցրեց, որ տրանսպորտի որակի հետ կապված՝ ամեն տարի մի նոր ծրագիր են իրականացնում: Քաղաքապետարանն արդեն կնքել է պայմանագիր՝ 12-մետրանոց 45 նոր տրոլեյբուսի գնման համար: Դրանք մատակարարվելու են 2026-ի առաջին կիսամյակում:

Դրանով տրոլեյբուսային ցանցի հին շարժակազմն ամբողջությամբ դուրս է գալու: Ավինյանն ընդգծեց, որ տրանսպորտի ոլորտում իրականացրել են նաև կանգառների կահավորումներ. որոշ կանգառներում արդեն կան էլեկտրոնային չվացուցակների էկրաններ, որոնք ցույց են տալիս, թե ավտոբուսը քանի րոպեից է գալու:«Մենք ավելացրել ենք ավտոբուսային գծերի քանակը և շարունակելու ենք դա անել: Առաջին հերթին հետիոտնին առաջնահերթություն տալը, երկրորդ հերթին հանրային տրանսպորտին առաջնահերթություն տալն այլընտրանք չունի: Մենք պետք է գիտակցենք, որ նաև խցանումների կառավարման տեսանկյունից պետք է մեր շարժակազմերն ավելացնելով՝ մարդատար ավտոմեքենաներից մարդկանց տեղափոխենք հանրային տրանսպորտ:

Սրա մասին է Աջափնյակի կայարանի կառուցումը, սրա մասին են նոր գնվող տրոլեյբուսները, սրա մասին է 250 18-մետրանոց ավտոբուսների գնումը, որ պետք է իրականացնենք մոտ 2 տարի հետո: Կարծում եմ՝ այս ոլորտում միջնաժամկետում՝ 3-5 տարի հետո ունենալու ենք վերջնականացված հանրային տրանսպորտի բարեփոխում, ամբողջական շարժակազմ և ընթացքի մեջ Աջափնյակի կայարանի շինարարություն»,-ասաց Ավինյանը:

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը