Կրեմլը հորդորում է զերծ մնալ Իրանի շուրջ լարվածության սրացումից
30-12-2025 14:23:33 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ազատություն. Կրեմլը կոչ է արել զերծ մնալ Իրանի շուրջ լարվածության սրացումից: «Առաջին հերթին պետք է խոսել Իրանի հետ», - ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երեկվա հայտարարությունը, թե Վաշինգտոնը պատրաստ է աջակցել Իսրայելի կողմից Իրանի ուղղությամբ նոր հարվածներին։
«Մենք ինքներս շարունակում ենք զարգացնել լավ, կառուցողական հարաբերություններ Թեհրանի հետ, այդ թվում՝ օգնելով մեղմել լարվածությունը այս անկայուն տարածաշրջանում», - նշել է Պեսկովը։
Սպիտակ տան ղեկավարը երեկ, ընդունելով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, պնդել էր, թե Իրանը շարունակում է զարգացնել միջուկային ծրագիրը՝ հունիսյան 12-օրյա պատերազմից հետո։ Թեհրանը հերքում է այդ մեղադրանքները։