Արհեստական բանականությունը՝ գործնական լուծում. Գյումրիում կայացավ տեխնոլոգիական AI հեքեթոնը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
30-12-2025 17:23:15 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Արհեստական բանականությունն այլևս ապագայի գործիք չէ, այն շատ արագ և հաստատուն կերպով ներթափանցել է մեր կյանք՝ դառնալով ոչ միայն մասնագիտական խմբերի, այլև շարքային քաղաքացիների առօրյայի անբաժանելի մաս։ Այսօր արհեստական բանականության օգտագործումը ոչ թե ընտրություն է, այլ անհրաժետություն, հետևաբար կարևոր է, որպեսզի գործիքի կիրառումը լինի գրագետ և ճիշտ։
Հենց այսպիսի շեշտադրմամբ օրերս Աննանիկս ընկերությունը համագործակցելով «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հետ նույն կենտրոնում իրականացրեց տեխնոլոգիական հեքեթոն, որի մրցութային մասը կազմակերպել էր MFMsoft ընկերությունն իր հեղինակային AI Masters Challenge ձևաչափով։
Երևանից, Էջմիածնից, Վանաձորից և Գյումրիից հեքեթոնին մասնակցող ծրագրավորողների, ինժեներների, տեխնոլոգիական ոլորտի մասնագետների, ստարտափ թիմերի և արհեստական բանականությամբ հետաքրքրված նորարար մտածողությամբ անհատների խնդիրն էր AI Masters Challenge ձևաչափով մի քանի ժամում գտնել նորարարական, կիրառելի և ապագային ուղղված AI լուծումներ։ Հեքեթոնի մրցանակային ֆոնդն ի սկզբանե 3,000 ԱՄՆ դոլար էր։
«Սովորելու բավականին լայն դաշտ գոյություն ունի։ Արդեն գնացել է այդ գնացքը՝ պե՞տք է, թե՞ չէ, հարցն այն է՝ դու այդ գնացքո՞ւմ ես, թեմայի մեջ լինել, ճիշտ օգտագործել։ Ուրախ կլինեմ, որ Հայաստանում շատ լինեն մասնագետրներ, քանի որ ցանկացած աշխատանք, որ օֆիսում մարդ համակարգչի առջև նստած է անում, տեխնոլոգիան կհասնի նրան, որ մարդ էդ հոգնեցնող աշխատանքը չի կատարի, այլ կպատվիրակի համակարգերին»,– «Նոյյան Տապան»–ի հետ զրույցում նշեց AI ավտոմատացման փորձագետ, հեքեթոնի ժյուրիի անդամ Մհեր Աբրահամյանը։
Հեքեթոնին մասնակցելու հայտ ներկացրած 100 թիմերից առաջին փուլը հաղթահարել էին միայն 17–ը, որոնց տրված 6 խնդիրներից 3–ն ինչպես մանրամասնեց Մհեր Աբրահամյանը, բավականին բարդ էին և հեշտ չէր լինելու մասնակիցների համար գտնել լուծումներ։
«Միջոցառումը երկու մասից է բաղկացած, առաջինը՝ AI թեմայով չելենջն էր, իսկ MFM-ի մասով Masters Challange–ն էր, որը ծրագրավորման մրցույթ է։ Խնդիրներ են ստացել, աշխատում են դրանց ուղղությամբ։ AI–ը հիմա ամեն մարդ մի ձև է պատկերացնում, այսինքն՝ բազմաշերտ է։ Երբ առաջարկ եղավ, որ ես ժյուրիում լինեմ, ցանկությունս էր, որ ավելի կիրառական գնա ֆորմատը և կոնկրետ խնդիրների վրա աշխատեն։ Այստեղ ներկայացված է շատ նոր ուղղություն։ Բոլորին ճանաչելի AI–ը դա տեքստ վերադարձնող գործիք է, բայց ինքը կարող է իրականում մտածող վերևի օղակի գործիք լինել շատ գործերում, հենց այս թեմայով էլ տրված են խնդիրները»,– մանրամասնեց Մհեր Աբրահամյանը։
Մասնակիցները թիմերով կամ անհատապես օրվա ընթացքում աշխատեցին AI-հիմքով իրական լուծումների մշակման վրա ՝ վերլուծելով խնդիրներ, առաջարկելով նորարար գաղափարներ և կիրառելի մոտեցումներ։ Նրանց աշխատանքի ընթացքում օգնեցին ոլորտի փորձառու մենթորներ։
Շուրջ երեք ժամ տրված հանձնարարականների վրա աշխատելուց հետո եկավ մասնակցիների համար ամենակարևոր ու սպասված պահը՝ ներկայացնել իրենց լուծումները և արժանանալ ժյուրիի գնահատականին։
17 մասնակցից՝ հաղթեց 7 թիմ, գլխավոր մրցանակին 1000 դոլար արժողությամբ՝ արժանացավ մեկ թիմ, մյուսները՝ 500 դոլարի չափով պարգևներ ստացան։ Տեղում մրցութային ֆոնդը 1000 դոլարով ավելացնելու որոշում կայացվեց՝ հաշվի առնելով, որ մրցույթում կային հավասարարժեք լուծումներ առաջարկած թիմեր, որոնց միջև հովանավոր ընկերությունը չցանկացավ տարբերակում դնել։