Վարչապետը և 10 եպիսկոպոսները հայտարարում են եկեղեցու բարենորոգման մեկնարկի մասին
05-01-2026 11:06:40 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ազատություն․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հեռացումը պահանջող10 արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսները «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման հայտարարությամբ» են հանդես եկել:
Վարչապետի կեցավայրում ստորագրված հայտարարությունում, որի մասին գիշերը Ֆեյսբուքում հրապարակումներ կատարեց Փաշինյանը, պետության ղեկավարը և Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը և Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ներկայացնում են եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզ և հայտնում Համակարգող խորհրդի ձևավորման մասին, որին վերապահում են բարենորոգման կազմակերպչական գործառույթները:
Ճանապարհային քարտեզի հինգ կետերով նախատեսվում է «բարենորոգման օրակարգի հանրահռչակում, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացում (հանգստի կոչում), սահմանված կարգով Կաթողիկոսական տեղապահի ընտրություն, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանոնադրության ընդունում [...], սահմանված կարգով Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություն»:
Հայտարարության հեղինակները մտահոգություն են հայտնում «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և նրա ձևավորած մերձավոր շրջապատի ներկայացուցիչների կողմից Ավետարանի սկզբունքներով ապրելու և քարոզելու առաքելության ձախողմամբ, հոգևոր կյանքի խաթարմամբ, բարքերի այլասերման աղաղակող փաստերի նկատմամբ հանդուրժողականության դրսևորմամբ», դատապարտում և անընդունելի են համարում «Եկեղեցին քաղաքականության մեջ ներքաշելու, այն տարբեր օրակարգերի և օտար շահերի ծառայեցնելու հակականոնական գործելակերպը»:
«Մեր հետագա քայլերի մասին լրացուցիչ կտեղեկացնենք: Ուզում եմ տեղեկացնել, որ այդ ճանապարհին կարևոր իրադարձություններ են վաղը Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունենալիք Ճրագալույցի Պատարագը և Սուրբ Ծննդյան Պատարագը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Տեքստում Փաշինյանի ավելի վաղ ներկայացրած կետերն են, ըստ որոնց՝ Վեհափառի հեռացումից հետո տեղապահ է ընտրվում, ընդունվում է եկեղեցու կանոնադրություն, ապա նոր Կաթողիկոս է ընտրվում:
Փաշինյանի հակակաթողիկոսական արշավի յոթ ամիսների ընթացքում Գարեգին Երկրորդը հեռանալու ոչ մի ակնարկ չի արել: Տարեմուտի իր ուղերձում Վեհափառը կոչ էր արել դադարեցնել «եղբայրադավության քայլերը»: