Սահմանադրության ոտնահարում․ Մայր աթոռը՝ Փաշինյանի և 10 եպիսկոպոսների հայտարարության մասին
05-01-2026 15:02:49 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Sputnik. Մայր աթոռի տեղեկատվական համակարգից ընդգծել են՝ եկեղեցու կանոնակարգային հարցերն ու բարենորոգումը վերապահված չեն ինքնահռչակ խորհրդի։
Եկեղեցու ներքին կյանքի կանոնակարգման և բարենորոգման պատրվակով Հայաստանի կառավարության ղեկավարի ձեռնարկած գործողություններն ուղղակի ոտնահարում են ՀՀ Սահմանադրությունը, խախտում թե՛ միջազգայնորեն, թե՛ Հայաստանի օրենսդրությամբ ամրագրված` Եկեղեցու իրավունքները։ Այս հայտարարությունն արել է Մայր աթոռի տեղեկետավկան համակարգը` արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և 10 եպիսկոպոսների ստորագրած հայտարարությանը։
Երեկ` հունվարի 4-ին, Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։
«Նման հակաեկեղեցական գործընթացների մեջ եպիսկոպոսների ներգրավումը, քահանայից դասի նկատմամբ կիրառվող ճնշումները դատապարտելի են։ Եկեղեցու կյանքին առնչվող խնդիրների քննարկումները կատարվում են բացառապես եկեղեցական համապատասխան մարմիններում, կանոնական կարգավորումների համաձայն»,- ասված է Մայր աթոռի հայտարարությունում։
Մայր աթոռը տարակուսելի է համարում այն, որ հիշյալ 10 եպիսկոպոսներն առ այսօր որևէ կերպ չեն արձագանքել իրենց ուղղված կոչերին ու հրավերներին, ինչպես նաև շարունակում են խուսափել իրենց հուզող հարցերի շուրջ Ամենայն Հայոց հայրապետի և Գերագույն հոգևոր խորհրդի հետ հանդիպումներից և քննարկումներից։
Մայր աթոռի տեղեկատվական համակարգից նաև ընդգծում են, որ եկեղեցու կանոնակարգային հարցերն ու բարենորոգումը վերապահված չեն ինքնահռչակ խորհրդի, այլ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու նվիրապետությանը՝ իր բարձրագույն կառույցներով։
«Նման անխոհեմ քայլերը կարող են հանգեցնել հերձվածի՝ցավալի հետևանքներով»,– ասված է հայտարարությունում։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18–ին կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսները գնացին Մայր աթոռ և Գարեգին Բ–ի հեռացման պահանջով նամակ փոխանցեցին քարտուղարությանը։ Այնուհետև քաղաքացիական հագուստով իրավապահները եպիսկոպոսներին միկրոավտոբուսով դուրս բերեցին Մայր աթոռի տարածքից։