Ողջունելով ՀՀ վարչապետին և տասը Սրբազաններուն կողմէ կազմուած Համակարգող խորհուրդի ստեղծումը, կը միանամ անոնց. Տեր Գուսան
06-01-2026 11:23:28 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
1lurer. Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը ողջունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի և տասը սրբազանների կողմից կազմված Համակարգող խորհուրդի ստեղծումը, հայտարարել է, որ միանում է նրանց, ընդունում հռչակագիրի բովանդակությունն ու ճանապարհային քարտեզը։
«Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ հաւատարիմ ու նուիրեալ զաւակներ,
Երկար տարիներ ծառայելով Երուսաղէմի Պատրիարքութեան Սրբոց Յակոբեանց միաբանութեան, մատուցելով բոլորանուէր ծառայութիւն Սուրբ Տեղերուն և Պատրիարքական Աթոռին, վարչական և դաստիարակչական բաժանմուքներուն մէջ, վերջին տարիներուն կոչուեցայ Զուիցարիոյ հայոց թեմի առաջնորդական տեղապահի պաշտօնին տեղւոյն գործող 3 գործող ծխական խորհուրդներու խնդրանքով, որը ժամանակին հաստատուեցաւ Վեհափառի կողմէ։
Իմ այստեղ ծառայութեան ընթացքին օր ըստ օրէ ականատես եղայ մեր Եկեղեցւոյ ղեկավարութեան կողմէ Մայր Աթոռի բուն առաքելութենէն շեղումին, քաղաքական գործընթացներու մէջ ներգրաւումին և այլ մտահոգիչ հանգամանքներու։
Վերջին շրջանին Հայ Եկեղեցւոյ տասը բարձրաստիճան հոգևորականներու կողմէ բարձրացուած արդար հարցերը վաղուց արդիական էին և լուծման կարօտ։ Փառք Աստուծոյ, որ այս բարեկարգման սուրբ առաքելութեան միացած է նաև Հայաստանի Հանրապետութեան Վարչապետը և իր մեծ լուման կը դնէ Հայաստանի մէջ հոգևոր կեանքի զարգացման գործին։
Կը ցանկամ ի լուր Զուիցերիոյ հայութեան և մեր հոգևոր եղբայրներուն տեղեկացնել, որ, ողջունելով Հայաստանի Հանրապետութեան Վարչապետին և տասը Սրբազաններուն կողմէ կազմուած Համակարգող խորհուրդի ստեղծումը, կը միանամ անոնց, կ'ընդունիմ հռչակագիրին բովանդակութիւնը և ճանապարհային քարտէզը։ Պատրաստակամութիւնս կը յայտնեմ ամբողջական շնչով ներգրաւուելու Հայ Եկեղեցւոյ բարեկարգման սուրբ առաքելութեան մէջ»,- Ֆեյսբուքում գրել է նա։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտարարություն էր հրապարակել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման վերաբերյալ: