Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կաթողիկոսին հեռացնելու մեխանիզմը


 

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կաթողիկոսին հեռացնելու մեխանիզմը

  • 08-01-2026 14:16:46   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ Գարեգին Երկրորդ կաթողիկոս հեռացնելու գործընթացը պետք է լինի անցնցում, քրիստոնեական հանդուրժողականությամբ և սիրով տոգորված:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետը նշեց լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով նկատառմանը, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը չի պատրաստվում հեռանալ: «Մենք պատրաստվում ենք այնպես անել, որ նա իր մտադրությունը փոխի, Սերժ Սարգսյանն էլ հեռանալու մտադրություն չուներ, բայց ստիպված էր հեռանալ, նույնն էլ՝ Կտրիճ Ներսիսյանը  ստիպված կլինի հեռանալ»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025թ․ հունիսի 10-ին առաջարկել է ստեղծել համակարգող խորհուրդ, որը գործուն քայլեր կձեռնարկի կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ։  Ավելի վաղ ՀՀ վարչապետը Ն.Ս.Օ.Օ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին և մի խումբ բարձրաստիճան հոգևորականների մեղադրել էր կուսակրոնության ուխտը խախտելու մեջ՝ հայտարարելով՝ եթե պարզվի, որ Գարեգին Երկրորդը իսկապես խախտել է իր կուսակրոնության ուխտը և երեխա է ունեցել, նա չի կարողանա լինել Ամենայն հայոց կաթողիկոս։

Վերջերս էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ոմանք Հայ Առաքելական եկեղեցին օգտագործում են որպես Հայաստանի դեմ հիբրիդային արշավի գործիք։ Եկեղեցականներն էլ իրենց հերթին ՀՀ վարչապետին մեղադրում են հակաեկեղեցական արշավ սկսելու մեջ: 2026 թվականի հունվարի 7-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգման խորհուրդն անցկացրել է իր առաջին նիստը։

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը